Փետրվարի 20-ին, «Ռոսիա Մոլլ» նորաբաց մանկական սրճարանում տեղի ունեցավ հոլանդահայ նորաստեղծ «Bright Future» (թարգմանաբար՝ «Լուսավոր Ապագա») կամավորական խմբի կողմից կազմակերպված Հոլանդիա-Հայաստան բարեգործական ակցիան՝ նվիրված Հայաստանաբնակ անապահով ընտանիքների երեխաներին: Այս առիթով Հոլանդիայից Հայաստան էր ժամանել խմբի հիմնադիր-ղեկավար Մարիամ Կիրակոսյանը, ով իր հետ անապահով հայ երեխաների համար Հայաստան էր բերել բարեգործական օգնություն` շորերի և խաղալիքների տեսքով։ Վերոնշյալ օգնության հավաքման գործընթացում իրենց բարեգործական աջակցությունն էին ունեցել նաև Եվրոպայում բնակվող տարբեր ազգության և բնագավառների ներկայացուցիչներ, անհատներ և փոքր կազմակերպություններ:

Շոու-ծրագրի շրջանակներում, որը վարել է Լուսինե Փիլոյանը (Բուգի-Վուգի), անապահով ընտանիքների շուրջ 50 անչափահաս երեխա՝ պարելուց, երգելուց և Լուսինեի կողմից կազմակերպված խաղերից բացի, հնարավորություն է ունեցել անվճար օգտվել սրճարանում տեղակայված բոլոր մանկական ատրակցիոններից։ Միջոցառումն իր կատարումներով գեղեցկացրել է երիտասարդ երգչուհի Քրիստինա Սահակյանը։ Իսկ միջոցառման ավարտին հայաստանաբնակ 28 անապահով ընտանիքի հանձնվել են Հոլանդիայից Հայաստան բերված օգնությունը:

Հարկ է նաև նշել, որ բարեգործական ակցիան իրականացնելու նպատակով՝ «Bright Future»-ի երիտասարդ կամավորներն ավելի քան 2 ամիս Հոլանդիայից և Հայաստանից իրականացրել են կազմակերպչական տարաբնույթ աշխատանքներ, փնտրել աջակցություն՝ հավաքված մեծ քանակությամբ օգնության հնարավոր մասը Հայաստան տեղափոխելու նպատակով։ Հայաստանում ակցիայի կայացման գործում իրենց մեծ աջակցությունն են ցուցաբերել՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, «Բայազեթ» մսամթերքի ընկերությունը, նորաբաց «Ռոսսիա Մոլ»-ը, «Բեսթ Ինվեսթ» գովազդային ընկերությունը, «Թալիանի» բրենդային ակնոցներ արտադրող հայ-ամերիկյան ընկերությունը։

- Այսօր մենք ականատեսը եղանք, թե ինչպես ընկճված ու տխուր դեմքով փոքրիկները կարճ ժամանակ անց վերափոխվեցին, ակտիվացան, խաղացին, պարեցին ու ուրախացան։ Մեծ երջանկություն է նրանց աչքերում կրկին տեսնել սոցիալական խնդիրների պատճառով խավարած փայլը, որը վերագտնելու համար այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ անել, - ասել է «Բրայթ Ֆյուչր» հայ-հոլանդական բարեգործական կամավորական խմբի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը։ - Մենք այսօր համոզվեցինք, որ ուղղակի պարտավոր ենք շարունակական դարձնել նմանօրինակ ուրախ միջոցառումները՝ անհոգ ժամերը սոցիալապես անապահով հրաշք հայ մանուկների կյանքում հաճախակի դարձնելու նպատակով։

Մարիամ Կիրակոսյանի հավաստմամբ՝ նրանց թիմը՝ «Գլաձոր» համալսարանի և «Իմիջ Արթ Ստուդիո» արվեստի ստուդիայի հետ համատեղ, այժմ սկսում են ուսումնական և կրթական բարեգործական ծրագրերի մշակումը։ «Մենք համոզված ենք, որ սոցիալապես անապահով վիճակից դուրս գալու միակ միջոցը՝ մեր երիտասարդ սերնդին գիտելիքներով ապահովելու հնարավորությունն է։ Մենք համագործակցելու ենք Հայաստանում և Եվրոպայում գործող տարբեր բարեգործական հիմնադրամների, անհատ-բարերարների հետ, որպեսզի կարողանանք անվճար ուսումնական մոտիվացված ծրագրեր կազմակերպել մեր հայ անապահով բալիկների համար», - ավելացրել է Մարիամը։

Բարեգործական հայ-հոլանդական այս միջոցառման ընթացքում նկարահանվել է մինի-ֆիլմ, որը շուտով հասանելի կլինի Հայաստանի և Հոլանդիայի օնլայն հարթակներում։

Միջոցառման լուսաբանմանն աջակցում են հետևյալ հոլանդական և հայկական լրատվամիջոցները՝

«Նիդերլանդական Օրագիր» Հոլանդիայում գործող հայկական օնլայն լրատվամիջոցը,

«Կենտրոն» հեռուստաընկերությունը,

YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ ), Yelaket.am լրատվական կայքերը,

«Իրավունք» և «Չարուհի» լրատվականները,

Orer. am և Past. am-ը,

Lratvakan. am-ը «Lratvakan Radio»-ն;

Armstyle. am կայքը,

Ինչպես նաև՝ ABGU Young Professionals Amsterdam և LA EVENTS երիտասարդական բարեգործական թիմերը։

Բարեգործական ակցիայի կայացման գործում իր աջակցությունն է ցուցբերել Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցին: