Պարզվում է, որ Վերակազմյալ ՍԴՀԿ-ի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանն այս կառույցի ատենապետ է հանդիսանում միայն դե յուրե: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՎՍԴՀԿ-ի իրական ղեկավարն է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը, ում որդին և քույրը հանդիսանում են սույն մի քանի հոգանոց կառույցի վարչության անդամներ: Ավելին, քանի որ այդ կառույցում կուսակցականներ առանձնապես չկան, Գուրգեն Եղիազարյանն այն համալրել է իր ընտանիքի անդամներով: Եղիազարյանի որդին և՛ այդ կառույցի վարչության անդամ է և՛ ԱԺ-ում Լյուդմիլա Սարգսյանի օգնականն ու վարորդը: Ինքը՝ Եղիազարյանը, քաղաքական այս կամ այն նպատակներով մտել և դուրս է եկել այդ կուսակցություն, սակայն այնտեղի մեր աղբյուրները նշում են, որ Լ. Սարգսյանին հենց ինքն է խորհուրդ տվել դուրս գալ ՀԱԿ-ից, մերձավոր հարաբերություններ հաստատել ՀՀԿ-ական կոնկրետ մի թևի հետ, որտեղից էլ, ըստ շրջանառվող լուրերի, նրանք սնվում են: ՀՀԿ-ական այդ թևը նրանց է տալիս ամսական 2000 դոլար՝ այս կերպ ապահովելով լոյալությունը: Դե իսկ ինչով կվերջանա Եղիազարյան ընտանիքի վոյաժները, այնքան էլ դժվար չէ կանխատեսել՝ հաշվի առնելով վերջիններիս մեծ փորձը՝ քաղաքական կուսակցություններ փոխելու առումով:
Այսպես, նախկին ոստիկան Եղիազարյանը 90-ականներին դարձավ նախ ՀՀՇ անդամ, որի շնորհիվ գործուղվեց ԱԱԾ, ապա դուրս գալով ՀՀՇ-ից, անդամագրվեց ԱԺՄ-ին: ԱԺՄ-ում էլ, սակայն, երկար չդիմանալով, վերջինս արագ անցում կատարեց դեպի ՀԺԿ և այդ կուսակցության քվոտայով համամասնական ցանկով դարձավ ԱԺ պատգամավոր: Հոկտեմբերի 27-ից հետո նա դարձավ Ռոբերտ Քոչարյանի ամենախոսուն պաշտպանը, սակայն, անգամ Քոչարյանը չհանդուրժեց վերջինիս, ինչի հետևանքով էլ Եղիազարյանը դուրս եկավ նաև Քոչարյանի մերձավոր շրջապատից՝ սկսելով աշխատել Մանուչարյան Աշոտի Սոցիալիստական ուժերի հետ: Բայց, ինչպես ասում են, այստեղ էլ չդրսևորվելով, սահուն անցում կատարեց դեպի Արամ Կարապետյանի <<Նոր Ժամանակներ>> և դարձավ այդ կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ համարը՝ 2007 թ-ին: Արամ Կարապետյանի պարտվելուց հետո Եղիազարյանը, բնականաբար, սկսեց հրապարակային քննադատել վերջինիս և թռավ դեպի հերթական այլ ուժ՝ այս անգամ ՀԱԿ՝ անդամագրվելով վերջինիս անդամ ՍԴՀԿ-ին: Այստեղ էլ մի տարի դիմադրելուց հետո հրապարակային վտարվեց կուսակցությունից, որից հետո իր մտերիմ Լ. Սարգսյանի հետ ստեղծեց ՍԴՀԿ-ից անջատված ՎՍԴՀԿ-ն: ԲՀԿ-ի ՝ Ծառուկյանական էպոխայի ժամանակ Եղիազարյանը հայտարարեց այդ կուսակցություն անդամագրվելու մասին, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, Ծառուկյանը դուրս եկավ հրապարակային քաղաքականությունից և այժմ Եղիազարյանը դեգերումների մեջ է: Առաջիկայում, թերևս, կարելի է կանխատեսել Եղիազարյան և Company-ի հերթական քաղաքական միավորմանը մասնակցելու մասին: Հանրագումարով՝ կարելի է ասել, որ Գուրգեն Եղիազարյանը հայ քաղաքական պատմության մեջ ամենաշատ կուսակցություն փոխած անհատն է…