Վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկա են զանգահարում բազմաթիվ մարդիկ, ովքեր խնդրում են կենդանաբույժներին ուղղորդել իրենց Սուրբ Զատկի տոնի համար գնված բազմագույն ճուտիկների խնամքի հարցում: Զանգահարողները բողոքում են, որ ճուտիկները կարճ ժամանակում կորցնում են աշխուժությունն, ապա սատկում:

Այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը նշում է.

• հավի ճտերը կյանքի այդ փուլում դեռևս առանձնահատուկ խնամքի կարիք ունեն (համապատասխան լուսավորություն, ջերմություն, հատուկ սննդակարգ), որը պահանջում է մասնագիտացված մոտեցում և հնարավոր չէ ապահովել տնային պայմաններում (նմանատիպ խնամք առավել ևս չի ապահովվում վաճառքի կետերում, եթե դա մասնագիտացված զոոխանութ չէ):

• ճուտիկները ներկված են անհայտ ծագման ներկերով (արտերկրի փորձը հաստատում է` հաճախ կենդանիների և մարդկանց համար խիստ վտանգավոր), ինչը ամենայն հավանականությամբ վերջիններիս վատառողջության պատճառն է: Սա արդեն իսկ ենթադրում է, որ, անկախ խնամքից, թռչունները շատ կարճ կյանք կունենան:

• Եթե անգամ մոռանանք, թե ինչ հոգեկան ապրումներ կարող են ունենալ ձեր փոքրիկները ընդամենը ժամեր առաջ տանը հայտնված թռչնի մահից, հորդորում ենք չխրախուսել նմանատիպ ցավալի դրսևորումների լայն տարածմանը մեր երկրում:

Հ.գ. Ըստ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումն արգելվում է:

Yerevan Zoo