«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Արդեն մի քանի օր է՝ Երևանը ողողված է Իրանից ժամանած զբոսաշրջիկներով, որոնք Հայաստան են եկել իրենց ամենակարևոր տոնը՝ Նովրուզը, նշելու (պարսիկների համար այս տոնը նույնն Է, ինչ մեզ համար՝ Ամանորը)։ Թվում Է՝ բանական մարդուն կարիք չկա բացատրելու, թե զբոսաշրջիկը պետության համար որքան կարևոր գործոն է։ Բայց բավական է դուրս գալ փողոց, զրուցել մարդկանց հետ, որպեսզի համոզվենք, որ աշխարհի ամենահյուրասեր ժողովրդի տիտղոսին հավակնող մեր բնակչության մի զգալի մասը անհանդուրժող Է օտարազգիների նկատմամբ։

Հատուկ փնթփնթան քաղաքացիների համար «Ժողովուրդ» օրաթերթը թվային տվյալներ կներկայացնի, որպեսզի հասկանալի լինի, որ ինչքան շատ մարդ գա Հայաստան, ինչքան զբոսաշրջիկների թիվը մեծանա, այնքան կօգտվի ՀՀ քաղաքացին:

Եվ այսպես՝ ըստ պաշտոնական տվյալների՝ անցած տարի Հայաստան է եկել ավելի քան 144 հազար իրանցի զբոսաշրջիկ։ Նրանցից 10-ից 15 հազարը հենց մարտի երրորդ տասնօրյակում է նախընտրում Հայաստան գալ։ Տեղեկացնենք, որ միջինք հաշվով իրանցի մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում Է 800 դոլար, բայց Նովրուզը նշելու համար եկած զբոսաշրջիկների դեպքում այդ թիվը 1000-ից 1500 դոլար Է կազմում։ Այսինքն՝ ամենահամեստ հաշվարկներով՝ մարտի վերջին տասնօրյակում իրանցի զբոսաշրջիկների այցելության հաշվին Հայաստանի տնտեսությունը ստանում մոտ 20 մլն դոլարի «ներարկում»։ Ուստի Հայաստանի ցանկացած բնակչի շահերից Է բխում, որ հնարավորինս շատ զբոսաշրջիկ գա։ Պետք չէ տուրիստներին վերաբերվել ինչպես պահի տակ շատ փող աշխատելու աղբյուրի։ Նրանք պետք է գոհ լինեն յուրաքանչյուրիցս և կրկին ցանկանան վերադառնալ Հայաստան»,–գրում է թերթը։

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։