Սուրբ Հարության տոնին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Այս օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը։

Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Qahana.am կայքից տեղեկանում ենք, որ Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան
եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական սուրբ պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի համբարձմանը: