Զինված խմբի անդամների հարձակման թիրախներն են եղել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը, Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը, Կառավարությունը և Հ1 հեռուստատեսությանը: Այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ ներկայացնելով ԱԱԾ-ի կողմից վնասազերծված Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խմբի անդամների հանդեպ հարուցված քրեական գործի ընթացքից մանրամասները:

Նա ներկայացրեց նաև լուսանկարներ: Իսկ ֆինանսավորման համար խումբը ֆինանսավորվել է 65 հազար դոլարով: Միքայել Համբարձումյանն ասաց, որ ֆինանսավորման աղբյուրի մասով այս պահին չպարզված հանգամանքներ չկան. անձը, ով ֆինանսավորել է՝ մեղադրվում է քրեական գործի շրջանակներում: Մեղադրյալը բնակվում է ՀՀ-ում և այստեղ էլ գործունեություն ծավալում: Այլ տեղեկություն պաշտոնյան չասաց:

Նախաքննության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քարտեզը, որտեղ նշված պետական ինստիտուտների վրա կլորներ և մեջը խաչ ձեռագիր նշումներ են արվել, որտեղ պետք է զինված հարձակում իրականացվեր, ինչպես նաև՝ կլոր նշաններ է արվել՝ առանց խաչերի, որոնք Երևանի տարածքի կամուրջներն են եղել՝ նախատեսելով խցանումներ առաջացնել, որպեսզի հարձակման թիրախի անձինք ժամանակին չկարողանային օգնություն ստանալ:

«Փորձել է նաև վերահսկել գործող նախագահի թիկնազորի աշխատանքների տեղեկությունները, պարզելու, թե ինչպես են նախագահի անվտանգությունն ապահովում: Այդ նպատակով՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը և երկու- երեք այլ անդամներ մասնակցել են հայ կաթողիկե եկեղեցու բացման արարողությանը և գաղտնի տեսանկարահանել են գործող նախագահի ժամանման և այնտեղ գտնվելու պահերը: Արթուր Վարդանյանը նաև երգչախմբի հագուստ է հագել՝ չնկատվելու համար»,-մանրամասնեց նա: