ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տարածել է Մինսկի խմբի հայտարարությունը վերջին օրերին հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ:

«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա) ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի (2017թ.) և ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի (2015թ.) ներկայացուցիչներս, խստիվ դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները: Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է համակողմանի կարգավորման շուրջ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների ձեռնամուխ լինելու անհրաժեշտությունը:

Մինսկի խմբի անդամ պետությունները վերահաստատում են, որ պաշտպանում են ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերը և ողջունում են կողմերի հետ հնարավորինս շուտ ուղղակի խորհրդակցություններ սկսելու նրանց պլանները»: