ՀՀ քաղաքացի Արշալույս Սարոյանը բաց նամակ է հղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

«Հարգելի տիկին Պողոսյան,

Անցյալ տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակում Երևանում մեծ թափով քարոզվում էր թուրք ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Սպի» ֆիլմը: Այն վեց ամսից ավել ցուցադրվում էր Մոսկվա կինոթատրոնում, իսկ բավարար թվով հանդիսատես հավաքելու համար Երևանի մետրոյի կայարաններում և հանրային վայրերում տեղադրված էին բազմաթիվ պաստառներ:

2015 թ. լույս ընծայվեց ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմը, որը ցուցադրվեց Ոսկե Ծիրան կինոփառատոնի բացման և փակման արարողությունների ժամանակ: 2015 թ. աշնանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հովանու ներքո նույնպես մեկ անգամ խիստ սահմանափակ թվով հանդիսատեսներ հնարավորություն ունեցան դիտելու Գեդիկյանի ֆիլմը:

Չէի ցանկանա համեմատական անցկացնել երկու ֆիլմերի գեղարվեստական արժեքի միջև, սակայն կցանկանայի հարցնել, Ձե՛զ, որպես Հայաստանի մշակութային քաղաքականության պատասխանատու, ինչո՞վ է պայմանավորված թուրք ռեժիսորի ֆիլմի լայնածավալ քարոզարշավը և սփյուռքահայ ռեժիսորի ֆիլմի հանդեպ անտարբերությունը Հայաստանում: Ավելին, ի՞նչ քայլեր է մշակում ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում և սփյուռքում Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմը հանրայնացնելու ուղղությամբ»: