Եկեղեցին անում է այն, ինչ այս պահին կարող է անել յուրաքանչյուր հայ մարդ: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հայտարարեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը:

- Ոչ միայն աղոթքը, ոչ միայն ամենօրյա գործունեությունը, այլ նաև, եթե կա անհրաժեշտությունը, զենք վերցնելու և կանգնելու զինվորի կողքին: Հատկապես այս օրերին ես զարմանում եմ, որ մարդիկ տարակուսում են, թե հոգևորականը զենքով ինչ է անում առաջին գծում: Անկեղծորեն, այստեղ զարմանալու որևէ բան չկա, սա այն է ինչով մենք ապրում ենք մեր ամեն օրը, անկախ նրանից պատերազմ է, թե պատերազմ չէ: Եկեղեցու առաքելությունը որքան հոգևոր, կրթական, մարդկանց իրենց հավատքի մեջ զորացնող և հայկական նկարագիրը ամրապնդելող խորհուրդն է, մեր ամենօրյա առաքելությունը նաև այն է, որ փորձենք մարդկանց այս կրթությամբ առաջնորդել, հոգևոր կրթությունը տալ, որի մեջ և ազգային է, և մշակութային է, և ավետարանական ճշմարտություններն են: Իբրև հոգևորական ես առաջին հերթին կարևորում եմ այն հանգամանքը, որ պատերազմական այս օրերին մենք իրապես համախմբվեցինք իբրև ժողովուրդ, իբրև ազգ: Իրապես մենք մեկ բռունցք դարձանք, ինչը շատ ուրախալի է, բայց անհանգստացնողն այն է, որ եթե այս ոգևորությունը անցնի, ի՞նչ է լինելու: Արդյո՞ք մենք կշարունակենք այն ոգևորությունը և վերափոխենք գիտակցության, թե նորից պետք է ինչ-որ դատարկություն առաջանա, որի մեջ մենք պետք է սկսենք մեկս մյուսին դատապարտենք, չարախոսենք, շարունակենք մեր ներքին պառակտումները...

Քահանան նշում է, որ բոլորը՝ ոչ միայն եկեղեցին, այլ բոլոր պետական և ոչ պետական կառույցները, պետք է աշխատեն մարդկանց համախբվածությունը պահպանելու ուղղությամբ:

«Ազգային նկարագիրը պահպանելու առաջին պահանջն այն է, որ մենք պետք է փորձենք մեկս մյուսին սիրել, հանդուրժել, ինչպես որ առաջին գծում յուրաքանչյուր զինվոր կանգնած է մեկը մյուսին թիկունք թիկունքի և պատրաստ կյանքը զոհելու, նույնը մենք պետք է անենք այստեղ՝ թիկունքում»,- ասաց նա:

Ասուլիսի բանախոս էր նաև Արցախի ազատամարտի մասնակից, «Կարին» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով ասաց. «Յուրաքանչյուր հայ մարդ այս օրերին ծանր ապրումներ ունեցավ: Յուրաքանչյուրի համար վերաժևորման, ինքնադատափետման և բոլոր օղակները ևս մեկ անգամ սրբագրելու առաքելություն պետք է ստանձնի մեզանից յուրաքանչյուրը:

Կարին պարախումբը մեկ ակնթարթում վերածվեց Կարին ջոկատի և տղաները այժմ մարզերում են:

Պետք է օր առաջ սթափվել և մտածել ապագայի մասին: Օր առաջ պետք է հիմք դնել Հայաստանում լրջագույն ռազմական արդյունաբերության, օր առաջ պետք է մտածել տնտեսության բոլոր շորթումների դիմացը կանգնելու, դեմն առնելու, կանխելու մասին: Օր առաջ պետք է մտածենք կրթական համակարգի, ազգային նկարագրի, մշակութային դաշտի մասին: Այսօր պետք է հոգալ հաշմանդամ տղաների բոլոր կարիքները և բարի մարդկանց կամքից բացի նախ և առաջ պետք է լինի պետության հոգածությունը: Առաջնահերթ պետությունը պետք է հոգա զոհվածների ընտանիքների բոլոր հոգսերը:

Եթե մենք այսօր մտածում ենք միայն տեղի ունեցած դեպքերի մասին, առանց ապագայում հնարավոր կրկնությունը կանխելու, ապա օրեր կամ ամիսներ անց շատ ավելի վատ իրադարձություններ են լինելու, շատ ավելի մեծ զոհերի գնով: Վաղը, եթե էլի Ռուսաստանը զենքերը վաճառեց Ադրբեջանին ու մեզ չտվեց, մենք ինչո՞վ ենք դիմակայելու:

Հնարավոր է այսպես շարունակել, բայց վստահաբար պետք է ասեմ, լավագույն դեպքում, մի քանի ամիս անց մենք շատ ավելի ահավոր իրադարձությունների ականատես կլինենք»,- ասաց նա: