Երկու մեծ ու լուսավոր սրահ, մի խումբ ուսանողներ և 100-ից ավելի գեղանկարչական, քանդակային աշխատանքներ, գոբելենի և խեցեգործական մի շարք նմուշներ:
Այսօր՝ փետրվարի 21-ին, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում բացվեց «Հորինվածք» խորագիրը կրող ուսանողական հերթական ցուցահանդես-մրցույթը:

Քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանն ասաց, որ այս անգամ փորձել են ուսանողներին ազատ թողնել իրենց մտքերի, երևակայության և կարողությունների մեջ:

«Պետք է հասկանալ, թե ինչ պոտենցիալ ունեն մեր ուսանողները, որպեսզի հետագայում տարբեր հարթակներում կարողանանք ճիշտ ներկայացնել նրանց»,- ասաց տնօրենը:

Ցուցահանդեսի հյուրն էր նաև «Հայկական տեղեկատվական կենտրոն»-ի հիմնադիր, տեղեկատվական քաղաքականության և ռազմավարական հաղորդակցության մասնագետ Հայկ Մարկոսյանը, ով շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին, հույս հայտնեց, որ այսուհետ իրենց կենտրոնի և քոլեջի համագործակցության արդյունքում կձևավորվի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող լավ արդյունք:

«Գործի դնելով մեր բոլոր տեղեկատվական ռեսուրսները, կփորձենք նպաստել ինչպես ուսանողների, այպես էլ ուսումնական հաստատության խնդիրների լուծմանը»,- ասաց Հայկ Մարկոսյանը:

Հաղթող մասնակից Տաթև Նահապետյանը շատ հուզված էր ինչպես նկարը ստեղծելիս, այնպես էլ լավագույնը ճանաչվելիս:

«Ռեքիվիեմ» նկարը պատկերելիս շատ բարդ հոգեբանական վիճակում էի և թղթին հանձնել եմ այն, ինչ զգացել եմ: Նկարում առկա են այն գույները, որոնք ես նկարելու պահին ապրել եմ եւ արտացոլել եմ իմ աշխատանքում: Ինձ համար անսպասելի էր, չնայած ինձ շատ էին ասում, որ միգուցե հենց իմ նկարը հաղթի»,-ասաց Տաթևը, ով արժանացավ Նարեկ Առուշանյանի անվան մրցանակին՝ դրամական պարգևի տեսքով:

Նշենք, որ բացի Տաթևից ևս հինգ ուսանող հնարավորություն ստացավ Արցախում մասնակցելու մասնագիտական մեծ սիմպոզիումի: