Գործադիրի որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Տավուշի մարզպետարանին կհատկացվի 8,935.5 հազար դրամ՝ սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչներին գարու և ցորենի ցանքատարածություններում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2015թ. ամռանը Կոթի համայնքում արկակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների (27.5 հա) կրած նյութական վնասը կազմել է 11 մլն 935,5 հազ. դրամ: Նշված գումարից 3 մլն դրամը 2015թ. տարեվերջին օգնության կարգով փոխհատուցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը. այն համամասնորեն բաժանվել է բոլոր սեփականատերերին:

Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Իջևանյան փողոց թիվ 8 հասցեում գտնվող մասնաշենքը, ավտոտնակն ու կաթսայատունը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ է վերցվում Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցից և 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: Նպատակը՝ հիմնել ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող լողավազան` ՀՀ Տավուշի մարզում լող մարզաձևի զարգացման և մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման, սահմանամերձ համայնքների ազգաբնակչության սոցիալական և առողջապահական ծրագրերի աջակցման և լողի հավաքական թիմը մարզի լավագույն մարզիկներով համալրման համար: