Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը ներգործում է մարդկանց զգացմունքների և հոգեբանության վրա՝ մանիպուլյացիայի ենթարկելով սպառողներին։

Ժամանակակից աշխարհում բիզնես միջավայրում շատ կարևոր և առաջնային նշանակություն ունի մարքեթինգային էթիկան, որը որոշ դեպքերում ուղղակի անտեսվում է: 

Որոշ դեպքերում մարքեթոլոգները մոռանում են պահպանել մարքեթինգային էթիկայի կանոնները՝ մտածելով միայն սպառողների առավելագույն ծավալ ներգրավելու մասին:
Այսպես, 2014թ.-ին «Sainsbury's» ընկերության ամանորյա գովազդային հոլովակը ենթարկվեց շատ սուր քննադատության սպառողների կողմից: Հոլովակում բրիտանացի և գերմանացի զինվորներն են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Զինվորները խրամատում բացում են իրենց ամանորյա նվերները, այնուհետև փոխանակվում դրանցով հակառակորդի հետ: Առաջին հայացքից ոչ մի կասկածելի բան...

Բայց բրիտանացիները բառացիորեն բողոքներով հեղեղեցին գովազդի որակն ու օրինականությունը կարգավորող կազմակերպությանը: Հեռուստադիտողը կարծում էր, որ «Sainsbury's»-ն ամենացինիկ կերպով շահույթ է ստանում Առաջին համաշխարհային պատերազմի թեմայով՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով զինվորների հիշատակի հանդեպ:

Տեղափոխվենք 2016թ., Հայաստան: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի ( ACBA-CREDIT AGRICOLE BANK ) կողմից իրականացվում է գովազդային արշավ, որը հակասում է մարքեթինգային էթիկայի կանոններին: Պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար բանկի կողմից իրականացվում է ոչ բարեխիղճ գովազդային արշավ: Զինվորի կերպարը շահարկելու միջոցով բանկի կողմից առաջարկվում է նոր պայմաններով վարկեր. սպառողական և ոսկու գրավով վարկեր պարտադիր ժամկետային զինծառայողների ու նրանց ընտանիքների համար: Տվյալ դեպքում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը մանիպուլյացիայի է ենթարկում սպառողներին: Նպատակի իրականացման համար բանկն օգտագործում է անհարգալից տարբերակ: