Ղարաբաղցի փորձագետ Մարգաիրտա Քարամյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և պահանջում անհապաղ դուրս բերել մեր կանոնավոր բանակի շարքերից կասկածյալ Մանվել Գրիգորյանին և նրա ոչ պակաս կասկածյալ «բանակը»:

Դիմումի մեջ մասնավորապես ասվում է.

«Արդեն մի քանի օր է, արցախցիներն ապրում են տագնապալի սպասողական վիճակում՝ կապված ռազմավարական իշխանության այն հայտարարությունների հետ, որ Ադրբեջանը նորից ուժեր է կուտակում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Բացի այդ, զգոն արցախցիները ինչ-որ վտանգ են կանխազգում՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցից, քանի որ մեր ժողովուրդը առաջին անգամ չէ, որ համոզվել է այդ մարդու կասկածելի քաղաքականության և պահվածքի մեջ: Մենք դեռ հիշում ենք, թե ինչպես նա արհամարհեց մեր ժողովրդի կողմից ընտրված Արթուր Մկրտչյանին, թե ինչպես 1993 թվականի փետրվարի 23-ին նրա կողմից վարձած և հովանավորվող խաժամուժը զինված հարձակում գործեց Հադրութի գնդի շտաբի վրա՝ նպատակ հետապնդելով ռազմական հեղաշրջման միջոցով մեկուսացնել Հադրութի շրջանի հաջողած պաշտպանությունը իրականացնող ռազմական ղեկավարությանը:

Առավել մեծ դժգոհություն ու տագնապ է առաջացնում արցախցիների շարքում այն հանգամանքը, որ դուք, որպես մեր երկրի ղեկավար, ընդհանրապես չեք տեղեկացնում մեր հանրությանը նրա այցի և ձեր միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասների մասին, ինչն առիթ է տալիս մեզ ենթադրել, որ ժողովրդի մեջքի հետևում նորից դավադրություն ու դավաճանություն է պատրաստվում:

Ժողովրդի, ավելի կոնկրետ՝ Հադրութի բնակիչները դրանում մեկ անգամ ևս համոզվեցին, երբ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո դուք այցելեցիք Հադրութ և հրահանգներ տվեցիք տեղի իշխանություններին, որպեսզի նրանք նախապատրաստվեն բնակավայրերի ռմբակոծություններին, սահմանին մոտ տեղակայված բնակավայրերի բնակիչների տեղահանմանը: Լուրեր են պտտվում, որ շրջանի խորքային գյուղերից մեկում կտեղակայվի զինվորական հոսպիտալ: Իսկ ամենասարսափելի լուրն այն է, որ իբր այսպես կոչված գեներալ Մանվել Գրիգորյանը «հրամայել է» հադրութցիներին հետ քաշվել առաջնագծից և գնալ պաշտպանել «իրենց» դիրքերը:

Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այսքան ողբալի:

Փաստորեն, դուք ձեր սրտաճմլիկ հարցազրույցով փափուկ բարձ եք դրել մեր ժողովրդի գլխի տակ, որ ամեն ինչ ավարտված է, ապրիլյան ողբերգությունն այլևս չի կրկնվի, և Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորով, կամ նրա աջակցությամբ, նորից ուզում եք կատարել ձեր օտարերկրյա «կայսեր» պատվերը և նորից հող հանձնել մեր թշնամուն: Ակամայից հիշում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններից մեկը, որում ասվում էր, որ հայկական կողմը պետք է վերադարձնի գոնե երկու շրջան: Ճիշտ է, այն ժամանակ չեր նշվում, թե որ շրջանների մասին է խոսքը, սակայն այսօր ձեր կատարած քայլերից պարզ է դառնում, որ դուք համաձայնություն եք տվել խախտել մեր Սահմանադրությունը և հանձնել Արցախի հարավային թևը Սյունիքին կապող հատվածը, որը Մանվել Գրիգորյանը համարում է «իր հողերը» և ճանապարհ բացել ռուսական զորքերի համար, որոնք վաղուց նպատակադրված են տեղակայվել Իրանի սահմանում:

Թվում է, կարիք չկա հիշեցնելու, որ եթե դուք իրոք համարձակվել եք նման քայլի, ուրեմն, գիտակցում եք, որ կատարում եք պետական դավաճանություն, որի համար պատասխան կտաք Սահմանադրության պահանջներին համաձայն:

Սակայն, մենք դեռ հույս ունենք, որ դուք կարող եք փրկել ձեր խիղճը և նորից վտանգի չենթարկել մեր հարյուրավոր որդիների կյանքը: Դուք պարտավոր եք ենթարկվել ոչ թե օտարերկրյա ղեկավարների, նախկին նախագահների, առավել ևս, ժողովրդի կողմից հարգանք չվայելող գեներալի ասածներին, այլ մեր ժողովրդի կամքին, որը թելադրում է ձեզ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու նոր ողբերգությունը: Դուք գերազանց գիտեք, որ մեր բանակը կկանխի ցանկացած խելապակաս որոշման հետևանքները, սակայն այդ նոր թափվելիք արյունը նորից կմնա ձեր խղճին:

Ժողովուրդը պահանջում է ձեզանից.

Անհապաղ դուրս բերել մեր կանոնավոր բանակի շարքերից կասկածյալ Մանվել Գրիգորյանին և նրա ոչ պակաս կասկածյալ «բանակը», այլապես դուք պատասխան կտաք հայության առջև ոչ միայն որպես ազգի դավաճան, այլ նաև որպես ռազմական հանցագործ, որը գիտակցաբար կազմաքանդել է բանակը, որպեսզի հանձնի մեր ամուսինների և եղբայրների արյամբ ազատագրված Հայրենիքի մի մասը: Եթե դուք դա չանեք, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մենք դա կանենք կանանց և մեր բանակի միջոցով:

Հիշեք և հաշվի առեք, որ Հադրութի բնակիչները չեն փախնի մեր հերոսների հետևից, և ինչպես առաջին պատերազմի ժամանակ, մենք սատար կկանգնենք մեր որդիներին և կանենք ամեն ինչ, որպեսզի նրանք համոզված լինեն, որ պաշտպանում են Հայրենիքը և մատաղ չեն դառնա իշխանավորների կեղտոտ խաղերին:

Չհամարձակվեք մեր որդիների մարմինները խաղալիք դարձնել ձեր քաղաքական խաղերում»: