Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 9 պատգամավոր:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի եւ հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը:

«Հրազդան-ցեմենտ» ընկերության հարկերի գծով առաջացած տույժերի ընդհանուր գումարը կազմում է 504 միլիոն 923 հազար 400 հարյուր դրամ:

«Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին հարցը մինչ այս խորհրդարանում մեկ անգամ արդեն քննարկվել էր: Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանը երկու ընթերցմամբ ընդունել էր, սակայն երրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ ընդդիմությունը բոյկոտեց քվեարկությունը: Նախաձեռնությանը կողմ էր քվեարկել 53, դեմ՝ 1 պատգամավոր: Նախագիծը չընդունվեց քվորում չլինելու պատճառով: Կառավարությունը գործարանին հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով տույժերից ազատելու հարցը կառավարությունը ներառել է մայիսի 10-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգում: