Ռուսաստանի Դաշնության Օրյոլ քաղաքի ազատագրման հերոսացման զբոսայգում բացվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը, ով իր «Կուտուզով» պլանով քաղաքը ֆաշիստներից ազատագրել էր 1943-ին։

1963-ին զոհված տանկիստների եղբայրական գերեզմանի մոտ անմար կրակը հայ զորավարը վառել է անձամբ: Նրանց անունները փորագրված են նույն 1963 թվականին տեղադրված հուշաքարում, իրենց հրամանատարինը` ոչ:

«Զինվորները գտան իրենց հրամանատարին … Զինվորները, որոնք թաղված են եղբայրական գերեզմանում իր զինվորներն են, և ի վերջո պատմությունն ամեն ինչ իր տեղը դրեց, և մարշալը եկավ իր զինվորների գլխավերևը, և համալիրը ամբողջացավ»,– ասում է Օրյոլի նահանգի գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանը։

Օրյոլ քաղաքում չի եղել Բաղրամյանի հիշատակը հավերժացնող ո՛չ հուշաքար,ո՛չ հուշատախտակ, ինչը չի վրիպել մոսկվաբնակ Եղիա Ասատրյանի աչքից, ում միջոցներով էլ կատարվել են արձանի տեղադրման, զբոսայգու բարեկարգման և մյուս աշխատանքները:

Երիտասարդը, ով ծնվել է Հայաստանում և ապրել Բաղրամյան պողոտայում, պատմում է, որ Օրյոլում հյուր լինելով ու լավ իմանալով քաղաքի պատմությունը շատ է զարմացել, երբ տեսել է, որ քաղաքն ազատագրած զորահրամանատարի անունով ո՛չ փողոց կա, ո՛չ այլ հիշարժան վայր:

Այդպես հղացել է Մարշալ Բաղրամյանի հուշարձանը տեղադրելու գաղափարը, և Օրյոլի այս զբոսայգում հիմա զինվորներն են, հրամանատարն ու իրենց լեգենդար տանկը: