«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի մանկակրթարանում այսօր առանձնահատուկ օր էր, քանի օր այնտեղ կազմակերպվել էր կրթահամալիրի 1-4-րդ դասարանների երեխաների ձեռքվ նկարված նկարների ցուցահանդես-վաճառք:
Կազմակերպված միջոցառման մանրամասների մասին Yelaket.am-ը զրույց ունեցավ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի միջազգային բալակավրիատի ծրագրի կրտսեր դպրոցի համակարգող Աստղիկ Բալայանի հետ, ով նշեց, որ ճեմարանն ունի բազմաթիվ ավանդույթներ, որոնք ամենամյա բնույթ են կրում:
«Սկսած սեպտեմբերի 1-ից՝ մենք նշում ենք տարբեր առիթներ՝ ուսումնական տարին եզրափակելով «Օգնելով ուրիշներին՝ օգնում ենք ինքներս մեզ» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքով: Իրականում աշխատանքները երեխաներինն են: Իրենք ամբողջ տարվա ընթացքում գիտեն, որ անելու են մեկ եզակի աշխատանք, որը նպաստելու է ինչ-որ անապահով երեխայի, ընտանիքի, միայնակ ապրող ծերերի խնամքի համար հավաքվող հանգանակությանը: Սկսում են աշխատել գարնան սզկբից, հենց իրենք էլ ստեղծում են պասպարտուները, գրում իրենց անունները: Երբ աշխատանքներն արդեն պատրաստ են լինում, կազմակերպում ենք այդ ցուցահանդես-վաճառք և հրավիրում ծնողներին: Գնված նկարների գումարները հավաքում են հատուկ արկղերում: Գումարի նվազագույն չափը՝ 1000 դրամ է, առավելագույնը՝ ըստ հայեցողության: Սովորաբար ամեն մի ծնող գնում է իր երեխայի նկարը, և դա նաև սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ դա ցույց է տալիս 4 տարվա ընթացքում երեխաների կատարած ստեղծագործական աշխատանքը»:
Այն հարցին, թե ինչ թեմաներով են կազմակերպվում ցուցահանդեսները, տիկին Բալայանը պատասխանեց, որ նկարների թեման ազատ է, բայց սովորաբար երեխաներն ընտրում են հեքիաթներ, խաղաղություն՝ հատկապես վերջին շրջանում, մանկություն և տիեզերք թեմաները: Այնուհետև հանձնաժողովն ընտրում է նկարներից լավագույնը, որը դառնում է հաջորդ ուսումնական տարվա օրագրի կազմի նկար: Այսինքն, սա տաիս է հնարավորություն դպրոցին ինքնուրույն ընտրելու աշակերտների օրագրերի նկարները:
«Ցուցահանդես-վաճառքի արդյունքում հավաքված գումարի չափն անպայման հայտարարվում է ծնողական համայնքին: Բացի այդ հարցում է ուղարկվում բոլորին՝ պարզելու, թե ինչ ընտանիքներ են ճանաչում հենց ծնողները, ում կարող են առաջարկել տրամադրել օգնություն: Սովորաբար ամեն տարի օգնում ենք 4-5 ընտանիքների: Այս տարին, հավանաբար, մի փոքր կտարբերվի՝ կապված Արցախում տեղի ունեցած ապրիլյան դեպքերի հետ: Մենք կմասնակցենք «1 զինվոր՝ 1 քնապարկ» ակցիային, որը ծնողների կողմից ներկայացված առաջարկություն է:
Մեր զրուցակիցն իր խոսքում նշեց, որ անցյալ տարի ցուցահանդես-վաճառքի գումարի մի մասը տրամադրվել է մանկական պարալիչով տառապող մի երեխայի, ով ամենօրյա բուժումների կարիք ուներ.
«Ընտանիքը գտնվում էր ծանր սոցիալական կացության մեջ: Մենք կարծես թե վերցրինք այդ ընտանիքի մասին հոգ տանելու պատասխանատվությունը մեզ վրա և կապի մեջ ենք նրանց հետ ողջ տարվա ընթացքում: Այս տարի ևս գումարի մի մասը կհատկացվի այդ փոքրիկին և իր ընտանիքին»: