Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են երկու երկրների նախագահների համաձայնությունը հունիսին անցկացվելիք բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ՝ Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ բանակցությունները վերսկսելու նպատակով: Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում, որը հրապարակվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:

Ինչպես նշվում է հայտարարությունում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, իսկ հունիսի 2-ին Փարիզում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու համար Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին:

«Նախարարները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Համանախագահները նախարարներին կողմերի քննարկման համար ներկայացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողություններն ընդլայնելու և ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ հաստատելու վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, մայիսի 16-ին հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։

Ինչպես նշվել էր ԵԱՀԿ կայքում տեղադրված Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարության մեջ. «Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»։