Հունիսի 8-ին տեղի ունեցավ Ջիվանու 170-ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթ, որից գոյացած ողջ հասույթը կուղղվի Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագրին:

Միջոցառման շրջանակներում ջավախահայության հիմնախնդիրների շուրջ էին հավաքվել պետական, հասարակական և մշակութային գործիչներ, գործարար-բարերարներ, բուհերի ղեկավարներ, ականավոր գիտնականներ, սրտացավ և ջիվանասեր հայրենակիցներ Ջավախքից, Թիֆլիսից, ՌԴ-ից և այլ վայրերից: Միջոցառմանն իրենց մասնակցությունն են ցուցաբերել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը, ԱԺ մի խումբ պատգամավորներ:

YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) զրուցեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի հետ, ով ներկայացրեց ծրագրի և հիմնադրամի գործունեության մանրամասները:

«2014թ. դեկտեմբերին նախաձեռնվեց Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրման ծրագիրը, մեր հովանավորների, հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից տրամադրվեցին ֆինանսական միջոցներ և մեկնարկեցին շինարարական աշխատանքերը: Սակայն, բնականաբար, հավելյալ ֆինանսական միջոցների կարիք միշտ էլ զգացվում է, ուստի որոշվեց կազմակերպել դրամահավաք, և որպես ձևաչափ ընտրեցինք բարեգործական ճաշկերույթը: Ինչու՞ այս տարբերակով և ինչու՞ այսպիսի մասշտաբներով: Կարծում ենք, որ Ջավախքի և հատկապես Ջիվանու հետ կապված թեման պետք է բարձրաձայնվի, պետք է համախմբել բոլորին ոչ միայն Ջավախքում, այլ նաև այստեղ՝ Հայաստանում»,- ասաց նա:

Նա նշեց, որ հիմնադրամում գործում են տարբեր հանձնաժողովներ՝ ըստ ոլորտների, որոնց թվում նաև մշակութային հարցերով զբաղվող հանձնաժողովը: Դրանում ներգրավված են մարդիկ, ովքեր անմիջական շփում ունեն մշակույթի հետ՝ ինչպես վաստակավոր և մեծ ճանաչում ունեցող, այնպես էլ երիտասարդ մշակութային գործիչներ: Այս շրջանակներում պարբերաբար բարձացվում և քննարկվում են հարցեր ու հիմնախնդիրներ, առաջ քաշվում գաղափարներ, որոնք այնուհետև միս ու արյուն են ստանում և կյանքի կոչվում: Սա հիմնադրամի առաջին մշակութային ծրագիրը չէ, իրականացվել են բազմաթիվ այլ նախագծեր, ինչպես օրինակ Ջավախքում հայտնի հայ և վրացի գործիչների դիմանկարներով գրաֆիտիների պատկերումը փողոցների ոչ այնքան բարեկարգ հատվածներում: Ծրագիրը բավականին դրական արձագանքներ և մեծ հաջողություններ ունեցավ:

«Նախատեսված է միջոցառումների շարք՝ նվիրված Ջիվանու 170-ամյակին, որոնցից մեկը սա է, իսկ մյուսը՝ Ջիվանու լավագույն կատարումների խտասկավառակի թողարկումը: Մենք ներկայացրեցինք նախագիծը մշակույթի նախարարությանը, տեղի ունեցավ հանդիպում փոխնախարարի հետ, և ստացանք ամբողջական աջակցություն նախագիծն իրագործելու գործում:

Մենք իրականացնում ենք նաև մշակութային տների վերանորոգում և բարեկարգում: Ունենք բազմաթիվ շնորհալի երիտասարդներ, ում տրամադրվում է աջակցություն բոլոր ասպեկտներով՝ թե կրթություն ստանալու, թե գործունեություն ծավալալելու համար: Սակայն, իհարկե, խնդիրները շատ են, կատարվելիք աշխատանքը հսկայական է, և անհրաժեշտ է ամբողջական հայեցակարգային մոտեցում դրանք լուծելու և արդյունքի հասնելու համար»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը: