ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հունիսի 13-ին վարույթ է ընդունվել Երևանի թիվ 120 մանկապարտեզում 2011-2016թթ. առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական քննության տվյալներով «Երևանի թիվ 120 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների հաստիքների վրա ձևակերպվել են անձինք, ովքեր իրականում աշխատանքի չեն հաճախել, սակայն հաշվարկվել և նրանց անունով ելքագրվել է աշխատավարձ։

Քննությամբ պարզվել է մանկապարտեզի հաստիքացուցակի 6 հաստիքների վրա ձևակերպված այն անձանց ինքնությունը, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց հաշվեհամարներին, որպես աշխատավարձ, բյուջեից փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի գումար, ինչը բանկային քարտերի միջոցով կանխիկացվել և հափշտակվել է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։