Հայաստանից Հռոմ մեկնելիս, Ֆրանցիսկոս պապը մամուլի ասուլիս է տվել ինքնաթիռում, որի ժամանակ խոսել է Հայաստան կատարած իր եռօրյա այցից, տեղեկացնում է Corriere della Sera-ն։

Հարցին, թե ինչ տպավորություններ ունի այցից, Պապը պատասխանել է. «Ես հայ ժողովրդին արդարություն և խաղաղություն եմ մաղթում և աղոթում եմ դրա համար, որովհետև խիզախ ժողովուրդ է: Նաև շատ ուրախ էի, երբ անցած շաբաթ տեսա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ՌԴ նախագահ Պուտինի լուսանկարը … նրանք գոնե խոսում են: Իսկ Թուրքիայի մասին Հայաստանի նախագահն իր ողջույնի խոսքում պարզ ասաց՝ «եկեք գանք համաձայնության, ներենք իրար և նայենք ապագային»: Եվ սա մեծ քաջություն է այդքան շատ տառապած ժողովրդի համար, այդպես չէ՞: Եվ միայն հավատն է, որ պահել է հայ ժողովրդին։ Հայերն առաջինն են պետականորեն ընդունել քրիստոնեությունը, ու Տերն օրհնել է նրանց, սրբեր և նահատակներ են ունեցել: Հայաստանը նաև մայր է ու երբեք չի կորցրել մայրական սիրո քնքշանքը»:

Ֆրանցիսկոս պապը նաև պատմել է, որ Արգենտինայում շատ հայ ընկերներ է ունեցել, նրանց հետ եկեղեցի է հաճախել, մասնակցել պատարագների: «Ես հաճախ ճաշի էի գնում նրանց հետ… Նրանց համար Կաթոլիկ կամ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելուց առավել կարևոր է «հայկականությունը», ես դա հասկացել եմ այդ տարիներին»,- ասել է պապը:

Խոսելով Ադրբեջան կատարելիք իր այցի մասին՝ Ֆրանցիսկոս պապն ասել է. «Ադրբեջանցիների հետ ես կխոսեմ այն ամենի մասին, ինչ տեսել եմ Հայաստանում, այն, ինչ զգացել եմ: Ես հանդիպել ու խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ադրբեջանցիներին կասեմ նաև, որ մի կտորի հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է նշանակում։ Եվ սա ես բոլորին եմ ասում՝ հայերին, ադրբեջանցիներին: Հնարավոր է, որ նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղություն հաստատելու ձևի շուրջ, ու այս ուղղությամբ աշխատել է պետք: Կասեմ այն, ինչ այդ պահին իմ սրտից է բխում, պետք է փորձել ելք գտնել, որը թույլ կտա առաջ շարժվել»:

Խոսելով Լեհաստան նախատեսվող այցից, որի ընթացքում այցելելու է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբար, Պապն ասել է, որ «կցանկանա լռությամբ անցկացնել այն», ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելիս:

«Երկու տարի առաջ՝ ես լուռ գնացի Ռեդիպուլիա հուշահամալիր (նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված իտալացի զինվորների հիշատակին): Երեկ հայկական հուշահամալիր… լուռ էի: Ես կուզեի սարսափի այդ վայրեր գնալ մենակ, առանց մարդկանց, լրագրողների. մտնել մենակ ու աղոթել...»: