Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ տարածքից ազատ է արձակվել ևս մեկ ոստիկան: Սա նա համարեց բարի կամքի դրսևորում իրենց կողմից, քանի որ առաջիկայում կայանալու է ոստիկանության ներկայացուցչի նշանադրության արարողությունը. «Ազատ արձակեցինք ևս մեկ ոստիկանի՝ Դավիթ անունով երիտասարդ տղայի, այս ամսի 23-ին նրա նշանադրության արարողությունն է լինելու, դրա համար որոշեցինք թույլ տանք գնա՝ բարի կամք դրսևորելով, այդ փոքր նվերը մեր կողմից որոշեցինք անել, ուղղակի զուտ մարդասիրական նկրտումներից ելնելով»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում պահվում է ոստիկանության 4 ներկայացուցիչ: Վերջիններիս ազատ արձակելու տարբերակ այս պահին, ըստ Վ. Ավետիսյանի, չի քննարկվում. «Մոտեցում չկա որևէ մեկին ազատ արձակելու, սա ուղղակի հատուկ դեպք էր, դրա համար արվեց: Այսօր փոխզիջումների լեզվով են սկսել խոսել, բայց տեսնենք, Հունան Պողոսյանն ասեց, օգտագործեց փոխզիջում տերմինը, հիմա թե ինչ կլինի, տեսնենք»,- նշեց նա:

Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ընթացող բանակցությունների շրջանակներում է այդ որոշումն ընդունվել՝ ազատ արձակել ևս մեկ ոստիկանի: Նշեց, թե բանակցություններն այլ բովանդակություն ունեն, որի մասին դեռևս չեն ցանկանում բարձրաձայնել. «Միայն գիտեմ, որ ինչ-որ պրոցես կա, բայց թե ինչ, չեմ կարող ասել, ընդամենը գիտեմ, որ ինչ-որ պրոցես կա, բայց թե ինչի մասին, մինչև երբ ու ինչ պայմաններով, ինչ ժամկետում, չգիտեմ»:

Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակն ասաց նաև, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներն ունեին միայն սննդի խնդիր, սակայն այդ հարցն այժմ լուծվել է: Իրենք և ոստիկանները միասին են սնվում, զրուցում, իսկ գիշերն էլ հատուկ հերթափոխով են քնում-արթնանում. «Ջրի խնդիր չկա, սննդի խնդիր կար, էսօր մի փոքր բերեցին ոստիկանների միջոցով, միասին ենք ճաշում: Այստեղ հատուկ միջոցներ են ձեռնարկվում, դիրքեր կան, հերթապահություն կա, շատ խիստ կարգապահություն կա: Մենք թիվ չենք ասում, բայց կարող եմ ասել, որ պատրաստ ենք լուրջ հակահարված տալու համար, և այդ հակահարվածը ռեժիմի վերջն է լինելու»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Հետաքրքրվեցինք նաև, թե տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեն ՊՊԾ-ում գտնվող ոստիկանները. «Իրենք փորձում են իրենց ծառայողականի շրջանակներից դուրս չգալ, չեմ ուզում այդ առումով ինչ-որ որակումներ տալ իրենց վերաբերմունքին»,- եզրափակեց նա: