Հրանտ, կարդացի քո կարծիքն իմ ընկերների՝ «Սասնա Ծռեր» խմբի գործողության վերաբերյալ և անմիջապես ցանկություն զգացի այս նամակը գրել, իմ երիտասարդ օրերի ընկեր ու եղբայր:

Դու ինձ լավ ես ճանաչում, Հրա՛նտ, և լավ գիտես, թե որքանով եմ ես արյան կողմնակից և թե ինչու եմ տարիներ ի վեր գտնվում այս պայքարում: Հիշո՞ւմ ես, Հրանտ, 2008-ը, երբ սատարեցիր արյունարբու Սերժ Սարգսյանին, որն արյունով նստեց ՀՀ նախագահի գահին: Հիշո՞ւմ ես՝ ինչպիսի հավատով էիր լցված, որ նա զարգացնելու է մեր երկիրը: Հիշո՞ւմ ես, թե ինչ վիճաբանություն տեղի ունեցավ իմ և քո միջև: Ես մինչ այժմ լռել եմ այդ մասին: Բայց այսօր արդեն եկել է օրը, երբ դնելու եմ վերջակետ՝ տարիներ ի վեր իմ մեջ քո նկատմամբ մնացած այն փոքր հավատին, որ դու՝ մարդասերդ, կարող է մի օր զղջաս, որ տարիներ առաջ սատարեցիր մարդասպանին: Սատարեցիր և լռեցիր, երբ նա Երևանն արյան ծով դարձրեց: Այսօր դու խոսում ես արյունի՞ց, Հրա՛նտ:

«Սասնա Ծռերը» խումբն է, որ հայտարարել է, որ ո՛չ իշխանության է ձգտում, ո՛չ էլ փառքի: Նրանք, ընդամենը, երկրում ցանկանում են սահմանադրական կարգ հաստատել և կոչ են անում ժողովրդին կազմել ժողովրդի վստահության կառավարություն: Նրանց պահանջներն են՝

1.Սերժ Սարգսյանի հրաժարականը և

2.բոլոր քաղբանտարկյալների ազատություն:

Ի՞նչ է, Հրա՛նտ, դե՞մ ես, որ 21-րդ դարում մեր երկրում չլինեն քաղբանտարկյալներ: Ինչպե՞ս ես պատկերացնում այդ ժամանակ Հայաստանի ապագան, երբ ես ու հազարավոր քաղաքացիներ կհայտնվենք բանտերում: Իսկ որ կհայտնվենք՝ մի կասկածիր, քանի որ մենք չենք դադարելու մեր պայքարը, նույնիսկ եթե մեր ընկերներին քո սատարած նախագահը ոչնչացնի այս օրերին: Չե՛նք դադարելու, որովհետև այլ ելք չի մնացել: Որովհետև երկրի համար մեկ տեռորիստը երկիրը դարձրել է ժողովրդի դեմ ահաբեկչության երկիր: Որովհետև ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխության հասնել, որովհետև արդարն ու անմեղը մեր երկրում հանցագործ է, իսկ հանցագործները՝ անմեղ, որովհետև մեր արյունով փրկված երկիրը ծախում են առանց աչք թարթելու, որովհետև կեղեքում են ժողովրդին ու գիշատչային կերպով հոշոտում մեր ընդերքը:

Լավ չէ այս օրերին բարձրախոսը դառնալ այն անձի, ով ազնվագույն տղերքին ահաբեկիչ պիտակը կպցնելու քարոզչություն է տանում, դու ընդամենը կրկնում ես այդ քարոզչությունն՝ ասելով, որ «Սասնա Ծռերն» արյունով են գալիս: Հետաքրքիր է, դու ծանո՞թ ես նրանց հայտարարություններին, նրանց գաղափարներին, որ այսօր հայտարարում ես նրանց՝ ԱՐՅՈՒՆՈՎ եկած: Հրա՛նտ, իմ ընկերները մաքրամաքուր անձինք են և արյան ծարավ չեն, իսկ քո հովանավորյալը հայտնի մարդասպան է, Հրա՛նտ, և արյան ծարավ, չնայած՝ նաև վախկոտ: Նա նման է այն մարդկանց, ովքեր տանը կատու են ճղում, բայց դրսում մուկ են դառնում, Հրա՛նտ: Իմ ընկերներն ազատ արձակեցին երեկ նրանց, ովքեր առողջական խնդիր ունեին և, նաև, մեկ ոստիկանի, որը պետք է նշանվեր վաղը: Իմ ընկերները չցանկացան նրա երազը կիսատ թողնել այս կյանքում, մինչդեռ իմ ընկերների շարքերում են բազմաթիվ երիտասարդներ, որոնք չեն հասել իրենց մուրազին: Երբ նրանց ահաբեկիչ եք անվանում, ապա ձեզ հարց տվեք: Ընդամենը երեք հարց, Հրանտ:

1․ Ո՞ւմ են ահաբեկում ապստամբ տղաները…

2․ Դու քեզ ահաբեկված զգո՞ւմ ես Հրանտ, տղաների գործողություններից:

3․ Եվ ամենակարևորը, եթե տղաների պահանջները բավարարվեն, քեզ համար, քո զավակի համար ու իմ և քո թոռնիկ Հրանտի համար դա վա՞տ է, թե՞ լավ: Ես ուզում եմ, որ իմ ու քո Հրանտն ապրեն քաղաքակիրթ և ազատ երկրում:

Իմացի՛ր, եթե դու նման հայտարարություն ես անում, որ «Զենքով եկածը տեռոր է բերելու, որովհետև սկսվում է հաշվեհարդարն, իսկ արյան վրա կառուցած որևէ բան չի կարող լինել արդարացի», ապա դու ստորագրում ես իմ ընկերների ոչնչացման հրամանը: Դրանով դու ոչնչացնում ես նաև ինձ, որովհետև ես էլ նրանցից մեկն եմ, որը պարզապես դուրս է մնացել այդ գործողությունից՝ այլ նկատառմամբ: Իսկ ստորագրելով ու սատարելով արյունարբու մարդասպանին, դու կրում ես պատասխանատվություն:

Սյուզան Սիմոնյան