Առողջապահության նախարարությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է.

«Խորենացի փողոցում և Սարի թաղում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմած 73 անձանցից հիվանդանոցային բուժումն այս պահի դրությամբ շարունակում է 26-ը, որից 6-ը` ոստիկան։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմած 50 քաղաքացուց 36-ը դուրս է գրվել, մեկը տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Այս պահին այստեղ հիվանդանոցային բուժում է ստանում 13-ը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկ քաղաքացու աչքը վիրահատվել է, հեռացվել է վնասված ակնագունդը։

Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 16 անձ, որից 12-ը` ոստիկան, 2-ը` զինյալ խմբից։ Այս պահի դրությամբ բուժումը շարունակում է 8-ը։ Ինչպես որովայնային հրազենային վնասվածքով ոստիկանը, այնպես էլ 2 զինյալը վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում են։

2 տուժած բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ական տուժածներ` «Արմենիա» հանրապետական, «Իզմիրլյան» բժշկական և Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոններում։

Բացի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողներից մյուսների վիճակը հիմնականում բավարարին մոտ է։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհաժեշտ բժշկական օգնություն»։

Նշենք, որ մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։