Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը վաղուց արդեն դարձել է ամենասպասված իրադարձություններից մեկը: Ավելի քան 70 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր` Հայաստանի բոլոր մարզերից ողջ տարվա իրենց արտադրանքն ու աշխատանքը ներկայացնում են Անգլիական այգում` ողջ օրվա ընթացքում այցելուներին պարգևելեով դրանք ձեռք բերելու բացառիկ հնարավորություն: Միայն անցյալ տարի որոշակի տվյալներով փառատոնն ունեցել է 10 000 այցելու:


Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնն իրականացնում է ‘’Կանաչ Արահետ’’ ՀԿ-ն` ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի» (ENPARD) և մի շարք միջազգային կազմակերպությունների աջակցության շնորհիվ:


Օրերս էլ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերի, ինչպես նաև «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանի և Հայաստանում բերքի փառատոնի համակարգող Էլլա Բարքերի հետ։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից` հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Երևանում անցկացվող ամենամյա «Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնի ընթացիկ աշխատանքներին:

Ջոն Բարքերը նշել է, որ այս տարի փառատոնին իրենց արտադրանքը կներկայացնեն նաև ԵՄ կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ստեղծված կոոպերատիվները: Մեզ հետ զրույցում էլ Էլլա Բարքերը նշեց. « Այսպիսի օրերերը կարևորություն ունեն Եվրոպայում, քանի որ այդ օրը գովաբանում ենք ֆերմերներին, որոնք իրականում ամբողջ տարվա ընթացքում աշխատում են հողի հետ, անում են ծանր աշխատանք, սակայն երբեք այդ ամենը չեն տոնում: Աշնան այն օրը, երբ նրանք հավաքում են իրենց պտուղ-բանջարեղենի բերքը, գալիս են մեծ կամ փոքր քաղաքներ և ներկայացնում են իրենց ապրանքները:

Փառատոնը կարևոր է, քանի որ ֆերմերները գիտեն ինչպես արտադրել, բայց չգիտեն` ինչպես վաճառել: Այս միջոցառումը նրանց համար հարթակ կծառայի հանդիպելու նոր` պոտենցիալ գնորդների, մարդկանց ներկայացնելու նոր` կամ ոչ ավանդական բույսեր, որոնց մասին նույնիսկ չգիտեն, որ Հայաստանում մշակվում են: մտքերի ու փորձի փոխանակման առիթ կդառնա:

Այս առաքելությունն ենք իրականացնում այս տարիների ընթացքում»: Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանն էլ նշում է. «3 տարի հետո փառատոնն էլ ավելի կարևորվեց: Եթե առաջին տարում մենք գրեթե չէինք կարողանում գտնել ֆերմերային խմբեր, կազմակերպություններ, ովքեր կմիանային մեզ, իրենց արտարդրանքը կներկայացնեին, ապա այժմ արդեն մի քանի տասնյակից ավելի են մասնակիցների թիվը: Դա նշանակում է, որ այդ հարթակի դերը գնալով մեծանում է: Առաջին տարում ունեինք մոտ 3000 այցելու ընդամենը, անցյալ տարևի` արդեն 10000, իսկ այս տարի նախատեսում ենք որ 15 000 այցելու կլինի»: