Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հուլիսի վերջին անցկացված բողոքի ակցիայից հետո պաշտոնազուրկ է արվել Նիդերլանդների Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Մելքոնյանը: Նա նաև Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հեռավոր քաղաքներում գտնվող հայկական համախմբումների քարոզիչն է: Պաշտոնից զրկվելով հանդերձ Տեր Արամը կարգազուրկ չի հռչակվել, քանի որ նա թեև գտնվում է Մայր աթոռի հայրապետական պատվիրակության կազմում, բայց ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին: Այնպես որ Մայր աթոռ Էջմիածինը չի կարող նրան կարգազուրկ անել: Տեր Արմեն քահանա Մելքոնյանը պատասխանել է մեր հարցերին.

- Տեր Հայր, ինչո՞վ է պայմանավորված ձեզ պաշտոնազուրկ անելու որոշումը:

- Ուղղակի պատահմամբ տեսա ֆեյսբուքում, որ խաղաղ ցույց է կազմակերպվել Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան առջև և որպես Հայաստանի քաղաքացի, որպես հոգևորական՝ ուզեցի այդ օրը իմ ժողովրդի կողքին լինել: Ես դա իմ պարտականությունը համարեցի և գնացի: Այնտեղ խաղաղ ցույց էր, ոչ մի վտանգավոր բան չկար: Բացման և փակման խոսքի իրավունքն ինձ տրվեց և ես շատ հստակ ասացի, որ մենք «Սասնա ծռերի» կողքին ենք, «Սասնա ծռերը» տեռորիստներ չեն, դավաճաններ չեն, մեր հերոսներն են, և եթե մտածում են «Սասնա ծռերին» ոչնչացնելով կարող են հարց լուծել՝ ամեն օր էլ մեր հայ ժողովուրդը կարող է «Սասնա ծռեր» ծնել: Դա է իմ մեծագույն «ոճիրը» եղել: Ցավում եմ դրա համար: Ես սպասում էի, որ գնահատեն ժողովրդի կողքին կանգնելու համար: Բայց որոշեցին ինձանից վերցնել իմ պաշտոնը՝ Մաաստրիխտի հոգևոր հովվությունը, և ասել, որ ուրիշ պաշտոն չեմ կարող զբաղեցնել: Դա տեղի ունեցավ այդ ցույցի պատճառով:

- Ձեզ ո՞վ տեղեկացրեց, որ այլևս չեք կարող լինել Մաաստրիխտի հոգևոր հովիվը:

- Մենք ունենք Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, նա նամակն ուղարկել էր Հոլանդիայում իր փոխանորդին, իսկ վերջինս ինձ պաշտոնապես հայտնեց, որ հետայսու ես ազատ կարգավիճակ ունեմ և ոչ մի պաշտոն չունեմ:

- Իսկ նա ինչո՞վ բացատրեց այդ որոշումը, ուղիղ ասաց, որ պատճառը ցույցին մանսակցությո՞ւնն է:

- Ուղիղ չասաց, որ դա պայմանավորված է բողոքի ակցիային մասնակցությամբ: Բայց դրանից երկու օր առաջ ես հանդիպում ունեի Հայրապետական պատվիրակի հետ և նա ինձ փոխանցեց, որ շատ վատ է ընդունվել իմ պահվածքը: Մայր աթոռից Ասողիկ քահանա կա, որը Էջմիածնի թանգարանի տնօրենն է, նա այդ ցույցի հաջորդ օրն ինձ դատապարտեց, որ այդպիսի արարք եմ արել, այդպիսի «դավաճանություն» եմ արել (ծիծաղում է): Պատվիրակն էլ ինձ փոխանցեց, որ պատճառը սա է և վերևից հրաման կա, որ ես ոչ մի պաշտոն չեմ կարող զբաղեցնել:

- Դուք որևէ քայլ ձեռնարկելո՞ւ եք բողոքարկելու այդ որոշումը:

- Ես չեմ ուզում որևէ բան ձեռնարկել: Մաաստրիխտի հայ համայնքը բողոք է ներկայացրել պատվիրակին: Եթե պետք է՝ մեր համայնքից երկու պատվիրակներ կգնան Էջմիածին, որպեսզի բողոքեն, որ մեր քահանան սխալ բան չի արել ժողովրդի կողքին լինելով, և մենք խնդրում ենք նրան պաշտոնազուրկ անելու որոշումը հետ վերցնել: Երեկ էլ, օրինակ, մեր հավատացյալները պաստառներով բողոքի ակցիա էին արել, որ իրենց քահանայի նկատմամբ այսպիսի վերաբերմունք է ցուցաբերվել: Բայց մենք ազդարարեցինք, որ համբերեն, որպեսզի մենք փորձենք ինչ-որ կանոնավոր ձևով այդ հարցերը հաղթահարել:

- Տեր Արմեն, ինչպե՞ս եք գնահատում այսպիսի որոշումը եկեղեցու կողմից:

- Ես կարծում եմ, որ եկեղեցականն ի վերջո մարդ է, հայ է և բացարձակ ազատություն ունի արտահայտելու այն, ինչում համոզված է: Ես փաստորեն դա արեցի: Հիմա թե մյուսները ինչու չեն անում՝ դա ինձ չի հետաքրքրում: Բայց ես փափագում էի Խորենացի փողոցում կամ Ազատության հրապարակում անցկացվող ցույցերի ժամանակ քահանաներին շարված տեսնել ժողովրդի և զինվորների միջև: Ափսոս, որ դա չտեսա:

- Ինչպիսի՞նն է ձեր կարծիքը «Սասնա ծռեր» խմբի գործողությունների հետ կապված:

- Ես նրանց պատմությունները կարդացել եմ և հետևել եմ նրանց հերոսական կեցվածքին՝ Ղարաբաղում, Արցախի պատերազմում, այսօր: Ինձ համար «Սասնա ծռերը»՝ սկսած Պավլիկ Մանուկյանից, ազգային հերոսներ են: Ինչպես Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց՝ ժողովուրդը, երբ որ հասնում է հուսահատության մի սահմանի, սոված մի վիճակի, պատրաստ է ամեն տեսակ քայլի դիմելու: Պարզ է՝ մեզ համար ցավ է, որ այդ ձևով են հարձակվում և ՊՊԾ գունդը գրավում, զոհ է լինում: Մենք շատ ուրախ կլինեինք՝ եթե զոհ չլիներ, բայց եղավ, դժբախտություն է: Միևնույնն է՝ «Սասնա ծռերը» հերոսներ են: Ես այսօր երազիս մեջ էլ եմ տեսել Պավլիկին: Նա խնդրում, աղաչում է, որ հայ ժողովուրդն աղոթի իրենց համար: Ինձ թվում է, որ իրենք նեղ կացության մեջ են:

- Նրանց գործողությունը իր տեսակի մեջ ճի՞շտ եք համարում՝ հարցեր լուծելու համար:

- Ոնց որ Պավլիկն էր բացատրել՝ իրենք չէին ուզում, որ որևէ զոհ լիներ: Իրենք կոչ էին արել, որ կրակոց չլինի, բայց եղավ: Ի՞նչ անենք: Հիմա էսքան անմեղ զոհեր եղան Ղարաբաղում, ի՞նչ անենք: Մենք գիտենք պատմությունը, ավելի քան 100 զոհ եղավ: Ի վերջո ազատության հասնելու համար երբեմն զոհեր են պահանջվում:

- Ըստ ձեզ հաջողություն կունենա՞ նրանց պայքարը: Ձեր տեսակետն ունեցող հայերը շա՞տ են Նիդերլանդներում:

- Ես հավատում եմ, որ նրանց արարքը ժողովրդի մեջ արթնացրեց իրավունքների պահանջ: Եվ մեր ժողովուրդը, ինձ թվում է, արթնացավ: Կարծում եմ, հետ չեն կանգնելու և պահանջելու են իրենց իրավունքները: Որովհետև մենք որպես հայ ժողովուրդ իրավունք ունենք ապրել բարգավաճ Հայաստանում, հայավայել կյանքով: Մենք բոլորս էլ օտարության մեջ փափագում ենք տեսնել լավ Հայաստանը և գալ, ապրել մեր երկրում:

- Տեր Հայր, տեղյա՞կ եք, Նիդերլանդներում ՀՀ դեսպանն իրականում ասե՞լ է, որ պետք է սատկացնել «Սասնա ծռերին»: Համացանցում նման կարծիք է պտտվում: Դեսպանի կողմից եղե՞լ են ցուցարարներին ուղղված սպառնալիքներ:

- Ես կարդացել եմ, շատ վիրավորվել: Ոչ մի հայ անասուն չի, որ մենք նրան սատկացնենք: Էն հայերը, որոնք գնացել էին դեսպանատուն, նրանք ինձ պատմեցին, որ այս արտահայտությունն է եղել, բայց ես անձամբ ներկա չեմ եղել, այնպես որ չեմ կարող 100 տոկոսով ասել: Մենք շատ վշտացած ենք այս խոսքի համար և պարզաբանում կպահանջենք:

Հ.Գ. Մայր աթոռ Էջմիածնի, Կիլիկիո կաթողիկոսության մեկնաբանությունը քահանային պաշտոնազուրկ անելու վերաբերյալ այսօր չհաջողվեց ստանալ: Նրանց տեսակետները կփորձենք ճշտել առաջիկայում:

Ստորև՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արխիվի և ձեռագրերի պահոցի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի գրությունը՝ Տեր Արմեն քահանա Մելքոնյանին.

Սկզբնաղբյուր՝ armtimes.com