ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ափսոսում է Ազատության հրապարակը և ասում ՝ «… ինչ անկապ կա, վեր է կենում և հարթակից խոսում, էդ խելքո՞վ եք ուզում բան փոխել, էդ անխելքությամբ եք ուզում միտինգ անել, ափսոս է, մի աղավաղեք Ազատության հրապարակի էներգետիկան, մենք այդ հրապարակում ենք ազգովի գոչել ու պահանջել՝ ՂԱ-ՐԱ-ԲԱՂ, էդ ժամանակ իմ փոքրիկ աղջիկը, որ դեռ խոսել չգիտեր, մի բառ էր ասում՝ Ղարաբաղ, իսկ մեծս, որ մոտ երկու տարեկան էր, երբ հարցնում էինք ում ես սիրում, ասում էր՝ Ղարաբաղը, հարցնում էի, ինչ գիտես, ինչ է Ղարաբաղը, ասում էր՝ չգիտեմ, բայց սիրում եմ, հա, հենց էդպես, իսկ մեր բոլորի Ազատության հրապարակը մաքրեք անհայրենիք կանանցից և այլ թափթփուկներից․․․»:

Իհարկե, Մարգարիտ Եսայանի համար Ազատության հրապարակ իրենց իրավունքները պաշտպանելու, խաղաղ հանրահավաքի դուրս եկած կանայք անհայրենիք են, երկրում ինչ-որ բան փոխել ցանկացողները թափթփուկներ են: Տիկին պատգամավորի անհանգստությունը տեղին է, իրեն էլ կարելի է հասկանալ: Եթե իշխանափոխություն լինի, այլևս պատգամավորի մանդատ չի ունենա, որը ուղղակի սասանում է սեփական բարեկեցության հիմքերը:

Պատգամավոր դառնալուց հետո տիկնոջ բարեկեցությունը այն աստիճան է առաջընթաց գրանցել, որ նույնիսկ առանձնատուն է կառուցում, երբ երկիրը տնտեսական հետընթաց է արձանագրում, արտագաղթը արդեն երկրի անվտանգությանն է սպառնում: Ամենայն հավանականությամբ, այս կերպ սույն տիկինը 2017թ խորհրդարանական ընտրություններին պատգամավորական մանդատն է ապահովում, այլ կերպ անհնար է պատկերացնել, որ լինելով ժողովրդի «ընտրյալ», իշխանափոխության ձգտող նույն ժողովրդին թափթփուկ է համարում: Համոզմունք ունենք՝ որ, եթե տիկին պատգամավորը ՀՀԿ-ի ցուցակում չլիներ, ապա սեփական ծոծրակը կտեսներ, պատգամավորական մանդատ չէր տեսնի:

Իսկ ինչ վերաբերվում է Ազատության հրապարակի էներգետիկային, և ազգովի միտինգ անելուն ու Ղա-րա-բաղ գոչելուն, ապա տիկնոջ հիշողության հետ հաստատ ինչ-որ բան այն չէ. ազգովի մենք Ազատության հրապարակում Ար-ցախ էինք գոչում: Ամենավերջինը, իրեն շատ խելացի համարելով՝ միտինգի մասնակիցներին պատգամավորը մեղադրում է անխելքության մեջ, լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ գոնե պիտի իմանար, որ դա նրանց սահմանադրական իրավունքն է: Ի՞նչ կարիք կա մարդկանց անխելք անվանել: Մեր մեջ ասած, եթե ինքը խելացի լիներ, ընդհանրապես կլռեր, չէ՞ որ ուտելիս չեն խոսում: