«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով Արարատի մարզի Ազատավան համայնքի ղեկավարի թեկնածու, ԲՀԿ-ական Պետիկ Ղազարյանին հովանավորում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ դժվարությունների հանդիպելիս Ղազարյանի մոտիկները դիմում են պատգամավորի օգնությանը և լուծում իրենց համար անլուծելի խնդիրները։

Երեկ Ազգային ժողովում փորձեցինք լուրի իսկությունը ճշտել հենց Կարո Կարապետյանից։ Ի պատասխան վերջինս իրեն բնորոշ ոճով ասաց. «Պետիկ Ղազարյանը իմ ընկերն ա, ես իրան չեմ սատարում, բայց ասեմ, որ ինքը կրել պրծել ա»։

«ՉԻ» լրագրողի դիտարկմանը, թե ընտրությունները դեռ չեն սկսվել, Կարո Կարապետյանը պատասխանեց. «Ինչ անենք՝ չի սկսվել, իրան սաղ գյուղը հարգում ա, վերջում կտեսնես, որ ինքն ա ընտրվել»,-հայտարարեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ «ՉԻ»-ն իր «Գյուղապետի թեկնածուն խաշլամա է հյուրասիրում որպես ընտրակաշառք» հրապարակման մեջ անդրադարձել է Պետիկ Ղազարյանի նախընտրական գործունեությանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում