Անկախության տոնի՝ սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումները Երևանում վաղը կսկսվեն առավոտյան` Եռաբլուր այցելությունից, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի ՀՀ անկախության համար պայքարած և արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին։ Իսկ տոնական միջոցառումը կմեկնարկի զորահանդեսով, որը կսկսվի Հանրապետության հրապարակից:

Այս տարի առաջին անգամ տոնական հիմնական միջոցառումների անցկացումը դրված է ոչ թե նախագահականի, այլ կառավարության վրա, որի կազմում գործում է Անկախության 25 –ամյակի անցկացման հանձնաժողով:

Բուն սեպտեմբերի 21-ի պաշտոնական միջոցառումների ցանկը դեռևս չեն հայտնում:

Ինչպես ամեն տարի, այս տարի առավել ևս սեպտեմբերի 21-ին ակնկալվում է պատվավոր կոչումների և մրցանակների շնորհում` մշակույթի, արվեստի և սպորտի գործիչներին: Այս տարվա պարգևատրվողների ցանկը դեռ հայտնի չէ Tert.am –ին:

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի համակարգող Աննա Գրիգորյանն էլ Tert.am-ին հայտնեց, որ դրամաշնորհային՝ «Անկախության 25-ամյակ» անվանակարգում հաղթած 7 ՀԿ-ները ծրագիրն այնպես են կազմել, որ հիմնական տոնական միջոցառումները լինեն նաև մարզերում, ու ավելին` դրանք միմյանց հետ բովանդակային առումով փոխկապակցված լինեն:

Դրանցից 2 ծրագրերն ունենալու են գիտաժողովների ձևաչափ. մեկը՝ սեպտեմբերի 21-23-ը կանցկացվի, կենսաբանական խոշոր գիտաժողով է` հայազգի անվանի գիտնականների մասնակցությամբ, մյուս գիտաժողովը` Նարեկագիտության լսումները, անցկացվելու է Մատենադարանում և նվիրված է «Նարեկի» որոշ գլուխների իտալերեն թարգմանություններին:

Մյուս 5 ծրագրերը ֆլեշմոբային հասարակական-ծրագրեր են, որոնք անցկացվելու են Գյումրիում, Գեղարքունիքում, Երևանում և Վայոց ձորում:

«Օրինակ` Գյումրիի կենտրոնում երեխաները և զինծառայողները մասշտաբային եռագույն են կազմելու, հետո այնտեղից լինելու է քայլերթ դեպի Թատերական հրապարակ: Գեղարքունիքում էլ ավելի մասշտաբային իրադարձություն է նախատեսվում, որտեղ նաև երեխաների աշխատանքներ են ցուցադրվելու, լինելու է համերգային ծրագիր, որի ընթացքում արդեն խոշոր 25 թիվն է կազմվելու»,- ասաց ծրագրերի համակարգողը:

Ծրագրի շրջանակներում հաղթած կազմակերպության ներկայացուցիչները Վայոց ձորում և Հայաստանի մյուս մարզերում տարածելու են 1991 թ. սեպտեմբերի 21-ին լույս տեսած «Հայաստանի Հանրապետություն» թերթի այն օրինակը, որում տպագրված էր Անկախության հռչակագիրը:

Անկախության 25 - ամյակի միջոցառումներ են անցկացնում նաև ՀՀ Մշակույթի, Սփյուռքի նախարարությունները:

Մասնավորապես, ինչպես հայտնեցին Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, սեպտեմբերի 21-ին նախատեսված է 1 միջոցառում` «Անկախության» սերունդ» խորագրով համերգի անցկացում. ելույթ կունենան Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից շուրջ 700 շնորհալի երեխաներ, որոնցից կազմվել է համահայաստանյան դասական նվագախումբ և երգչախումբ: Համերգի ընթացքում կատարվելու են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ելույթ են ունենալու նաև մենակատարներ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը և այլք:

Իսկ մինչև սեպտեմբերի 21-ը, նախարարությունն անցկացրել է անկախության 25- ամյակին նվիրված ավելի քան 40 միջոցառում, որոնցից առավել նշանակալից են ` «Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր հավաքածուի ցուցադրությունը» պատմության թանգարանում, Երևանյան միջազգային 10-րդ երաժշտական փառատոնը։ «Երիտասարդական ռոք փառատոնը» նախատեսված է անցկացնել Գյումրիում` Վրաստանից, Հայաստանից, Իռլանդիայից, ԱՄՆ-ից ժամանած երաժիշտների մասնակցությամբ:

Անկախության 25 ամյակի շրջանակներում կանցկացվի նաև Կոմիտասին նվիրված գիտաժողով, որն աննախադեպ է իր ծավալներով։ Այն ոչ միայն կներառի տարբեր զեկույցներ, գիտական նիստեր, քննարկումներ, այլև գիտաժողովի ընթացքում ելույթ կունենան ճապոնական «Նոհ» թատրոնի դերասանները: Իսկ գիտաժողովի 2-րդ օրը կանցկացվի Հաղպատում:

Tert.am –ի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հավելեցին, որ բոլոր ստեղծագործությունները թվայնացվում են և դրանց պարտիտուրների թվային տարբերակները հետագայում կբաժանվեն Հայաստանում և արտերկրում գործող կոլեկտիվներին և ուսումնական հաստատություններին: Բացի դրանից՝ բոլոր ստեղծագործությունները հատուկ ձայնագրվելու են և տրամադրվելու պետական ու մասնավոր կազմակերպություններին՝ ոչ կոմերցիոն օգտագործման համար:

Հավելենք, որ համերգի խորհուրդն անկախության սերունդն է, որը ծնվել և ապրում է Հայաստանում: Ի դեպ՝ համերգի ամենակրտսեր մասնակիցը 9 տարեկան է:

Նախատեսվում է նաև հայկական սփյուռքի խոշոր գաղթօջախների ներկայացուցիչների ներկայություն, ինչպես նաև միջազգային և կրոնական կազմակերպությունների: Այս մասին հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը՝ ներկայացնելով իրենց գերատեսչության ծրագրերը:

««Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում էլ Թուրքիայից ժամանած «Մարալ» խմբի համերգը տեղի ունեցավ, ինչպես նաև` դուդուկի փառատոն»,- նշեց նա:

Անկախության 25-ամյակի միջոցառումներին, բնականաբար, անմասն չի մնացել Երևանի պետական համալսարանը, որն ամիսներ առաջ քննարկել և հաստատել է տոնական միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Ըստ ժամանակացույցի՝ նախատեսվում է իրականացնել շուրջ 6 տասնյակ միջոցառում՝ գիտական նստաշրջաններ, միջազգային, հանրապետական և ուսանողական գիտաժողովներ, համաբուհական համաժողովներ, դասախոսությունների շարք, հանդիպում-քննարկումներ, սեմինարներ և ցուցահանդեսներ:

Օրվա առթիվ ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել նաև Հայաստանի անկախությանը նվիրված մի շարք աշխատություններ, այդ թվում` «ԵՊՀ-ի դերը Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադրման և կայացման գործում» մենագրությունը, «Համալսարանականների մասնակցությունն Արցախյան ազատամարտին» :

Այս ընթացքում անցկացվել են`ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված հանրապետական գիտաժողովը, որի նպատակն էր ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում սոցիալական պաշտպանության համակարգի անցած ուղու իմաստավորումը, «Հայաստանի երրորդ Հանրապետության միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը» և այլ գիտաժողովներ:

Նույն ծրագրի շրջանակներում անցկացվել է սոցիոլոգիական հետազոտություն Շուշիում՝ «Հաղթանակի քաղաք» թեմայով, ԵՊՀ մասնաշենքերի հեռուստաէկրաններով իրականացվել է պետական խորհրդանիշների ցուցադրություն: Եվ, վերջապես,այցեր են կազմակերպվել Եռաբլուր, Սարդարապատ, Ապարան, Վանաձոր, Սառնաղբյուր, Արցախ և սահմանամերձ գյուղեր:

Իսկ վաղը երեկոյան անկախության միջոցառումները կամփոփվեն Հանրապետության հրապարակում տոնական համերգով և հրավառությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ՀՀ անկախության տարիների 5 ռազմական շքերթ և զորահանդես:

Առաջինը տեղի է ունեցել 1992-ին, երբ Հայաստանի բանակը դեռ ձևավորման փուլում էր. այդ ժամանակ Հանրապետության հրապարակից ռազմական շքերթի մասնակիցները մեկնել էին առաջնագիծ, որտեղ մարտական գործողություններ էին ընթանում:

Երկրորդ ռազմական շքերթն անցկացվել է 1996-ին՝ հայկական բանակի ստեղծման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:

3-րդ ռազմական շքերթը 1999-ին էր: Պատմության մեջ հայտնի են այն կադրերը, երբ այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը տրիբունայից, արցունքն աչքերին, դիտում է Հայկական բանակի զորահանդեսը:

4-րդ զորահանդեսը 2006թ-ի սեպտեմբերի 21-ին էր` անկախության 15–ամյակի կապակցությամբ, 5-րդը` 2011-ի սեպտեմբերի 21-ին` Անկախության 20-ամյակի կապակցությամբ: