Թուրքիայի հայ համայնքի ակտիվ գործիչներից, Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ և պատգամավոր Կարո Փայլանն ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին Փայլանը հայտնել է «Ֆեսյբուք»-ի իր պաշտոնական էջում:

Հանդիպման ժամանակ Փայլանը զրուցել է Թուրքիայում հայ համայնքի խնդիրների, անցած և սպասվող դժվարությունների, Թուրքիայում տիրող իրավիճակի և հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Հիշեցնենք, որ Կարո Փայլանը 2016թ.-ի ապրիլի 21-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթ ունենալիս առաջարկել էր հանձնաժողով կազմել 1915-ին հայ քաղաքական գործիչների սպանությունները հետաքննելու համար:

Կարո Փայլանի արմատները Մալաթիայից են։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է հայկական դպրոցում։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ցուցակով անցել է Թուրքիայի խորհրդարան: