Ենոքավանցիները հոկտեմբերի 11-ին ընդունել են հյուրեր Ֆրանսիայից. Քույր համայնք Վիլկրոզից են այցելել և հետևել Տավուշի գողտրիկ անկյուններից մեկը տուրիստական կենտրոն դարձնելու աշխատանքներին: Ենոքավանում բոլոր հնարավորությունները կան տուրիստական, հատկապես էկո-տուրիզմի զարգացման համար:

Ըստ Վիլկրոզի համայնքապետի՝ շատ բան փոխել պետք չէ, կա լավ հյուրընկալություն, ինչը հաճելի հանգստի սկիզբն է:

«Պետք չէ ամեն ինչ բետոնացնել, պետք է հպարտանալ նրանով, ինչ ունեք, ոչինչ մի փոխեք, պարզապես ավելի լավացրեք»,- Times.am-ի թղթակցի փոխանցմամբ, ասել է Ռոլանդ Բալբիսը

Ենոքավանում էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրումը Ֆրանսիական գյուղ կազմակերպությունը սկսել է գյուղի ամենաչքնաղ հատվածներից մեկից, հյուրանոց է կառուցվում: Բոլոր հարմարությունները ստեղծվելու են, որպեսզի հյուրընկալությունից ոգևորված տուրիստը երկրորդ-երրորդ անգամ վերադառնա Ենոքավան:

Ֆրանսիական գյուղ կազմակերպության փաստաբան Զինավոր Մեղրյանի տեղեկացմամբ, իրենց կազմակերպությունն ունի ֆրանսիացի և հայ բաժնետերեր: Ֆրանսիական կողմն արդեն մի քանի տարվա մեծ փորձ ունի տարբեր ծրագրեր իրականացնելու և այդ ծրագրերի էվելյուցիան բերեց նրան, որ հաջորդ քայլը եղավ տնտեսական ծրագրերի իրականացումը այս գեղատեսիլ վայրում: Կառուցվում է հյուրանոցային կոմպլեքս և թե մարզի, թե գյուղի և թե երկրի համար կարևոր տնտեսական ծրագիր է:

Ենոքավանում ոգևորված են: Համայնքապետի խոսքով, աշխատատեղ է ստեղծվել գյուղի 500-ից ավելի բնակիչների համար. Համայնքում մեծամասնությունը գյուղատնտես ու անասնապահ են: Տղամարդկանց մի մասն էլ ներգրավված է հյուրանոցի, ռեստորանի ու հարակից մյուս շինությունների շինարարական աշխատանքներում:

Ենոքավանի համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը նշում է, որ կարելի է ասել, Հայաստանը էկոտուրիզմի կենտրոնն է: Այստեղ կգան Եվրոպայից՝ Ֆրանսիայից, Անգլիայից, բերելով իրենց մշակույթը: «Մեր համայնքի բնակչության արտադրանքը, իսկ այստեղ հիմնականում գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ են զբաղվում, սպառում կունենա: Մարդը չի գնա օտար ափ, այնտեղ իր ունակություններն իրացնելու: Նման ծրագրերի շնորհիվ կզարգանա գյուղատնտեսությունը»,-ասել է Ենոքավանի համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը:

Միջավայրը մաքուր պահելու անհրաժեշտ պայմանները ևս ապահովված են բարեկամ Ֆրանսիայի աջակցությամբ Ենոքավանը արդեն աղբահանության մեքենա ունի: Բացի այդ Ենոքավան այցելող յուրաքանչյուրի անվտանգությունն ապահովված է, համայնքի բնակիչների մի մասը փրկարար կաշխատեն, սարքավորումներ արդեն ունեն:

ԱԻՆ ՓԾ տնօրեն Նիկոլայ Գրիգորյանի հավաստմամբ, այստեղ նախնական որոշ տեխնիկա բերվել է, բայց կբերվեն նաև հրշեջ և շտապօգնության մեքենաներ, այլ տեխնիկական միջոցներ և հանդերձանք: Ենոքավանում և առհասարակ Հայաստանում տուրիզմի զարգացմանը զուգահեռ կզարգանա նաև կամավորական շարժումը:
Ենոքավանը տուրիստական կենտրոն դարձնելու աշխատանքներում ներգրավված է նաև Բեռնարդ Ժանեն: Սպիտակի երկրաշարժից հետո նախկին փրկարարը Հայաստանը չի լքում, բոլոր առիթներն օգտագործում է սիրելի երկրին օգնելու համար: Ասում է: ինքն էլ արդեն հայ է դարձել, վերջին ամիսներին պարզեց՝ ավելի կոնկրետ ենոքավանցի: Այստեղ ծրագիրը կյանքի կոչելու համար որդին էլ ջանք չի խնայել:

Ըստ Բեռնարդ Ժանեի, իր կյանքը երկու մասից է բաղկացած: Առաջինը մասնագիտական գործունեությունն է, երկրորդը այն, ինչ անում է Հայաստանում: Ենոքավանը դարձավ այն կամուրջը, որը կապում է մասնագիտականը մարդասիրական աշխատանքներին, որին և նվիրված է ամբողջ սրտով:

Ֆրանսիայի Վիլկրոզ համայնքը խորհուրդներով կօգնի, որ քույր Ենոքավանը տուրիստների պակաս չունենա: Վկայությունը հուշագիրն է, որը ստորագրեցին համայնքների ղեկավարները: