Քիչ առաջ ՀՀ Նախագահի նստավայր ժամանեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների նախագահները`մասնակցելու Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Նախ տեղի է ունենալու նեղ խորհրդակցություն, որից հետո ընդլայնված կազմով նիստ:

Նշենք, որ ՀԱԽ-ի նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան ժամանել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղարկել է այցը Հայաստան: Ղազախական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ նախագահը մրսածություն ունի և չի կարող մասնակցել ՀԱԽ նիստին: ՀԱԽ նիստին Ղազախստանից կմասնակցի երկրի վարչապետ Բակիջան Սագինտաևը:

Նշենք նաև, որ նստաշրջանին մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Հավելենք, որ նախատեսվում էր նիստը սկսել 14:00-ին, սակայն սկսվեց 2 ժամ ուշացումով՝ 16:00-ին: