ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համատեղ նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե էներգետիկայի հարցում ԼՂՀ ինտենսիվ զարգացումից ՀՀ-ն պետք է օգտվի, քանի որ էներգետիկայի հարցում ԼՂՀ-ն ոչ միայն ինքնաբավ է, այլ նաև ավելցուկ ունի:

«Այդ ավելցուկը կարող ենք ԼՂՀ տնտեսությունից տեղափոխել դեպի Հայաստանի Հանրապետություն»,-ասաց Կարեն Կարապետյանը, ում խոսքով՝ ՀՀ և ԼՂՀ էներգետիկայի դաշտը պետք է դարձնեն ընդհանուր:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշեց, որ հատկանշական է, որ արդյունաբերական արտադրանքում կառուցվածքային տեղաշարժերը: Ըստ նրա, դրանք արդյունք են ԼՂՀ իշխանությունների կողմից վերջին տարիներին որդեգրած՝ ներքին ռեսուրսների վրա հիմնված և արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության խթանման, պարենային անվտանգության ու էներգետիկ անկախության ապահովմանն ուղղված քաղաքականության իրականացմանը:

«Եթե 2006 թ-ին արդյունաբերական արտադրանքի արտադրության 51.7%-ը կազմում էր հանքագործական արդյունաբերությունը, 14.8%-ը՝ էներգետիկան և 33.5%-ը՝ մշակող արդյունաբերությունը, ապա 2015 թ-ին արդյունաբերական արտադրանքի արտադրության 24.2%-ը բաժին է ընկել հանքարդյունաբերությանը, 34.3 %-ը` էներգետիկային, 40.1%-ը՝ մշակող արդյունաբերությանը»,-ասաց նա:

ԼՂՀ վարչապետի խոսքով՝ 2008 թ-ից սկսած երկրում իրագործվում են փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ծրագրեր: «Շահագործման են հանձնված արդեն թվով 13 փոքր ՀԷԿ–եր, ինչը թույլ է տվել ավելացնել էլետրաէներգիայի սեփական արտադրության բաժինը, որը 2015 թ-ին կազմել է 75% (222.3 ԿՎտ– ժամ)»: