Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։

Այսօր դատարանում հարցաքննվեց «Արաբկիր» ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի մասնագետ Հերմինե Վլասյանը։

«Երբ Մերի Մարգարյանը եկավ ստուգման, առաջին հարցը, որ տվեցի, հետևյալն էր. ինչո՞ւ է եկել մանկական հիվանդանոց։ Ասացի՝ դուք նույնիսկ իրավունք չունեք՝ որպես հղի, լինել այստեղ։ Նա ասաց, որ ուզում է իմանալ, թե ինչ է կատարվում իր հետ, ջերմում է և այդ հիվանդանոցը մոտիկ է»,- ասաց բժշկուհին։

Նրա խոսքով՝ Մերի Մարգարյանի մոտ քիթ–կոկորդ–ականջ հատվածում չի եղել այնպիսի խնդիր, որ ունենար 39 աստիճան ջերմություն, ինչի մասին բարձրաձայնել է Մերի Մարգարյանը։

Բժշկուհին պատմեց, որ Մերի Մարգարյանն ասել է, որ ջերմությունը բարձրանում է, «պարացետամոլ» է խմում, որը չի օգնում։ Բժշկի խոսքով՝ ինքը նույնիսկ Մերի Մարգարյանին ընդունելու իրավունք չի ունեցել, բայց, քանի որ հղին բարձրացել էր, որպես մարդ ու բժիշկ ընդունել է նրան։

Նա նաև նշեց, որ Մերի Մարգարյանի վիճակն այնքան վատ է եղել, որ բացել են վերելակը, որ նա իջնի։

Հիշեցնենք, Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով): Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: