«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի մեղադրանքը լրացվել է: Այս մասին հայտնում է Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: «Վարուժան Ավետիսյանի մեղադրանքը լրացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով. դրանք սահմանում են՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից ՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»,-ասաց Շուշանյանը:

Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ վաղը քննվելու է Վարուժան Ավետիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով. այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը: