Մեծարգո պարոն վարչապետ, լրագրողական աշխատանքային գործունեությանս ընթացքում լուսաբանել եմ բազմաթիվ ճանապարհատրանսպորտային ավտոպատահարներ, վրաերթեր, որոնց հետևանքով, ցավոք, եղել են զոհեր և վիրավորներ: Ավտովթարներն ու վրաերթերը հիմնականում լինում են մայրաքաղաքից դուրս` մարզային, համայնքային և գյուղական ճանապարհներին:

Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում մեղավոր են վարորդները, որոնք եղել են ոչ սթափ, չեն ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք, ավտոմեքենաներն ունեցել են տեխնիկական անսարքություն և այլն: Սակայն շատ դեպքերում ավտովթարների ու վրաերթերի պատճառը եղել է ճանապարհների անբարեկարգ վիճակը, արտաքին լուսավորության, ճանապարհային նշանների բացակայությունը: Միայն վերջին մեկ ամսում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կարգադրությամբ «Հայավտոճան» ընկերության աշխատակիցները տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարել ժողովրդի կողմից «մահաբեր ոլորաններ ու ճանապարհներ» անունով կնքված հատվածներում` տեղադրելով երկաթբետոնե արգելապատնեշներ, երթևեկությունը կարգավորող տեղեկատվական ցուցանակներ, կամուրջների հիմնովին վերանորոգումներ:

Աշխատանքները կատարվել են անգամ այնպիսի հատվածներում, որտեղ դեռ ԽՍՀՄ տարիներին էին համապատասխան մարմինները խոստացել վերացնել խոչընդոտները, բայց չէին վերացրել: Մեծարգո պարոն վարչապետ, Երևան-Վաղարշապատ ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում գլխավոր մայրուղին նույնպես համարվում է մահաբեր: 300-ից ավելի ավտովթարներ (80 մահ), 100-ից ավելի վրաերթեր եմ լուսաբանել (35 մահ) նշված մայրուղում: Ցավով արձանագրենք, որ այդ հատվածում մահվան դեպքերը հիմնականում եղել են երեկոյան և կեսգիշերին: Այդ հատվածում կան դպրոցներ, մանկապարտեզներ, իսկ տրանսպորտային շարժը միշտ ակտիվ է հատկապես ամռանը` կապված զբոսաշրջության, և աշնանը` կապված գյուղացիների` տարբեր մարզեր գյուղմթերք տեղափոխելու հանգամանքով: Շատ դեպքեր, այդ թվում` ողբերգական, տեղի չէին ունենա, եթե այդ 2 կմ-անոց ճանապարհն ապահովված լիներ արտաքին լուսավորությամբ:

Մեծարգո Կ. Կարապետյան, Ձեր ուշադրությունը և սրտացավությունն անչափ կարևոր է մեր քաղաքացիների համար: Ուզում ենք, որ Դուք տեղեկացված լինեք ևս մի խնդրի, որը, ինչպես ժողովուրդն է ասում` կոմունիստների թվից, մատնված է անտարբերության: Վստահ եմ, որ այդ քար անտարբերությանը կարող եք վերջ դնել Դուք: Կխնդրեի, որպեսզի Ձեր անմիջական հանձնարարականով մասնագետներն ուսումնասիրեին խնդիրը և գտնեին լուծումներ նշված հատվածում ապահովելով արտաքին լուսավորությունը: Իսկ դրա արդյունքում բազմաթիվ կյանքեր կփրկվեն և ժողովուրդը Ձեր աշխատանքը կգնահատի երախտագիտությամբ:

ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀԵՏ...