Այս տարի ձմեռը կլինի վայրիվերումներով՝ շատ տաք և շատ ցուրտ եղանակները կհաջորդեն միմյանց. այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Մեր հանրապետության տարածքը այդ երեք ամիսներին էլ շատ հաճախ ենթարկվելու է հիմնականում Սկանդինավիայի կողմից ներթափանցած արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցությանը, որոնք առաջացնելու են օդի ջերմաստիճանի լուրջ նվազումներ՝ առատ ձյուն, բուք և այլն, այսինքն՝ կզգացվեն բավականին սառնամանիքային եղանակներ, և նաև շատ հաճախ կենթարկվենք Մերձավոր Արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությանը, որի արդյունքում էլ այդ օրերին կնկատվի օդի ջերմաստիճանի զգայի բարձրացում»,-ասաց նա:

Գագիկ Սուրենյանը բացատրեց, որ ձմռան ընթացքում կլինեն և՛ շատ սառնամանիքային օրեր, երբ ջերմաստիճանը ցածր կլինի -7-ից -10 աստիճանով, ձյան առատ տեղումներ կլինեն, և՛ շատ տաք օրեր, որ կլիմայական նորմայից բարձր կլինի 8-ից 10 աստիճանով:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը նշեց, թե բոլոր երեք ամիսներին էլ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին: «Այսինքն՝ դա բերում է այն եզրակացության, որ սպասվում է ձնառատ ձմեռ, բայց նաև կլինեն օրեր, որ հովտային շրջաններում կլինեն նույնիսկ անձրևներ»,-ասաց նա:

Նա առանձնացրեց ծայրահեղ բարձր և ցածր ջերմաստիճանները, որ կանխատեսվում է այս ձմեռ. «Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Լոռիում այդ օրերին, երբ կլինեն արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներ, այդ օրերին ջերմաստիճանը կնվազի մինչև -25,-30 ջերմաստիճան, իսկ արևադարձային տաք օդային զանգվածների ներհոսքի դեպքում առանձին օրեր ցերեկային ժամերին նշված տեղերում օդի ջերմաստիճանը կհասնի +5-ից մինչև +9 աստիճանի»,-ասաց նա:

Տավուշի, Սյունիքի, և Արցախի ցածրադիր գոտիներում ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում առանձին օրեր գիշերային ժամերին ջերմաստիճանը կհասնի –10-ից -15-ի, իսկ տաք օդային զանգվածների ներխուժման դեպքում ցերեկային ժամերին մինչև +12,+17 աստիճան:

Մայրաքաղաքում ձմռան ընթացքում կլինեն ժամանակահատվածներ, երբ ցուրտ օդային հոսանքների ներխուժման դեպքում ջերմաստիճանը կհասնի գիշերային ժամերին -19-ից, -24 աստիճանի, իսկ տաք օդի ալիքների դեպքում +12, +15 աստիճանի:

«Եթե ընդհանուր գնահատենք և միջինացնելով, ստացվում է ամսական միջինացված ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում: Այսինքն՝ ասել, որ սպասում ենք ծայրահեղ ցուրտ կամ տաք ձմեռ՝ սխալ կլինի: Միջին ջերմաստիճանը նորմայի սահմաններում կլինի, բայց վայրիվերումները՝ և՛ շատ տաք, և՛ շատ ցուրտ եղանակները կհաջորդեն միմյանց»,-ասաց նա:

Ի դեպ, Գագիկ Սուրենյանը նշեց, որ խորհուրդ են տալիս ֆերմերներին, որ անպայման կատարեն այգեթաղ, քանի որ խաղողի առանձին սորտեր -18-ից ցրտահարվում են: