Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Ծաղկաձորում այսօր անցկացված կոլեգիայի նիստը: Ընդգծելով, որ մաքսային ծառայություններն այն կարևոր կառույցներն են, որոնց հետ ամեն օր շփվում են Մաքսային միության անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտները, Սերժ Սարգսյանը նշել է, որ նրանց աշխատանքի և համագործակցության որակից է նաև ձևավորվում ԵԱՏՄ-ի վերաբերյալ տպավորությունը, այդ կառույցների գործունեությունից է զգալիորեն կախված ցանկացած երկրի գործարար միջավայրի բարելավումը, միասնական տնտեսական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շուկայի ձևավորումն ու զարգացումը:

ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ ծաղկաձորյան նիստում քննարկված արդիական հարցերն ու կայացված որոշումները կնպաստեն վերոնշյալ խնդիրների լուծումն առաջ մղելուն և այն նպատակների իրագործմանը, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում իրենց առջև դրել են Միության անդամ պետությունները:

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են միավորված կոլեգիայի 21-րդ նիստի արդյունքները և շնորհակալություն հայտնել հայ գործընկերներին՝ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նրանք ընդգծել են, որ ցանկացած միություն առաջին հերթին հիմնված է փոխադարձ վստահության վրա, և Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի աշխատանքը նպատակաուղղված է այդ վստահությունն ամենօրյա սերտ փոխգործակցությամբ ամրապնդելուն: Հանդիպման մասնակիցները ՀՀ Նախագահին ներկայացրել են նաև ԵԱՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման նպատակով Մաքսային նոր օրենսգրքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, մաքսային ծառայությունների ներկայիս խնդիրներն ու մարտահրավերները, զարգացման հեռանկարը: