Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավարությունը` դատավոր Վարդան Աբրահամյանի գլխավորությամբ:

Դատական նիստն սկսվեց 44 րոպե ուշացմամբ, ինչի մեկնարկին դատարանին ներկայացվեցին ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի միջնորդությունն ու բժիշկների կողմից տրված տեղեկանքներն այն մասին, որ հոգեբույժի վերահսկողության տակ է գտնվում:

Իր միջնորդությունում Մուշեղ Մխիթարյանը գրել էր, որ մի շարք հիվանդություններ ունի, և իր հետ ինչ-որ բան է կատարվում, որը խանգարումներ է հիշեցնում՝ աղ է լցնում արյունահոսող վերքերի վրա, նստում է սառը հատակին, ինքնավնասում է իրեն: Մխիթարյանը միջնորդություն էր ներկայացրել դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության պահանջով։

Նման տեղեկանք էր տրամադրվել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գլխավոր մասնագետի կողմից, համաձայն որի՝ Մուշեղ Մխիթարյանը ինքնավնասումներ է կատարում և գտնվում է հոգեբույժի հսկողության տակ:

Մուշեղ Մխիթարյանի միջնորդության վերաբերյալ դատարանը լսեց կողմերին և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի դին, ով հասարակության լայն շրջանակներին առավել հայտնի է որպես էքստրասենս, խիրոմանտ, հայտնաբերվել է 2015թ. օգոստոսի 5-ին` իր բնակարանի ննջասենյակում, հատակին բերանքսիվայր ընկած, սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով։

Նախնական քննության տվյալներով՝ դիակի հայտնաբերման նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին է այցելել վերջինիս ծանոթ Մ. Մխիթարյանը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տանն առկա գումարը հափշտակելու դիտավորությամբ տղամարդը բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անի Մաջնունյանի վրա և դանակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Տուժողի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Ա. Մաջնունյանի մահվան։

Ըստ քննության տվյալների՝ բնակարանում փնտրելով ու չկարողանալով գտնել Ա. Մաջնունյանի կուտակած գումարը՝ Մ. Մխիթարյանը հափշտակել է տարբեր զարդեր, տուժողի բջջային հեռախոսները, փակել դուռը և հեռացել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։