2017թ.-ի սպասվելիք ընտրություններին ընդառաջ իրենց աթոռը պահպանել ցանկացող պատգամավորները սկսել են ակտիվանալ: Նույն է անում նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Բոլորիս է հայտնի, որ PR-վելու նորագույն հարթակներից մեկը Facebook սոցիալական ցանցն է և «նորարար» պատգամավորներից շատերն են օգտվում այս հարթակից:

Պարոն Էնֆիաջյանը անգամ գումարով գովազդ է տեղադրել և ջանասիրաբար տարածում է մի տեսանյութ, որում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանում իր բառերով ասած «հակադարձում է ադրբեջանցի նախագահողին և պատվիրակին»: Վահե Էնֆիաջյանը փորձո՞ւմ է ապագա ընտրողներ հավաքել՝ խաղալով հայերի թույլ կողմի՝ ադրբեջանցիների, վրա:
Վահե Էնֆիաջյանը պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով ԲՀԿ-ից, բայց այժմ կանգնել է խնդրի առջև. կլինի նա կրկին ԲՀԿ ցուցակում թե՞ ոչ: Ամեն դեպքում փաստենք, որ պատգամավորը միշտ խոր հարգանք է տածել ամենայն ԲՀԿ ղեկավար Գագիկ, Ծառուկյանի նկատմամբ: Դժվար է գտնել մի հարցազրույց կամ ելույթ, որում նա մի փոքր հատված թեկուզ չի ձոնում Գագիկ Ծառուկյանին: Բոլորովին վերջերս՝ հոկտեմբեր ամսին «Առավոտ»-ի հետ զրույցում Վահեն ասաց, որ Ծառուկյանն անփոխարինելի է: Ընդհանրապես ԲՀԿ-ում Ծառուկյանին բոլորը հավասարեցնում են սուպերմենին:

«Ըստ իս, ՀՀ-ում Գագիկ Ծառուկյանն այն բացառիկ անձն է, փաստերով էլ գիտենք, որ հնարավոր կոնսոլիդացիան իր անձի շուրջ տեղի ունեցավ, առաջիկայում էլ ավելի մեծ կոնսոլիդացիա իրականացնել և միասնական ուժերով գնալ պայքարելու երկրում ստեղծված մի շարք խնդիրներ և իրավիճակը փոխելու նկատառումներով, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի անձը մեծ հաշվով անփոխարինելի է»,- ասել էր նա:
Վահե Էնֆիաջյանն իր ֆինանսական միջոցներով չի առանձնանում (ըստ 2015թ.-ի հայտարարագրի) և ըստ ամենայնի PR-վելուց զատ իրեն ոչինչ չի մնում...

Նյութի աղբյուրը՝ YN.am (ԵրևանՆյուզ)