Հալեպում տոնական լույսեր են վառվել Սուրբծննդյան եղեւնու վրա, որը տեղադրվել է քաղաքի կենտրոնի՝ առավելապես քրիստոնյաներով բնակեցված Ազիզիա թաղամասի հրապարակում: Ինչպես իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է «Ալ Վաթան» թերթը, քաղաքի բնակիչները 4,5 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում են դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը դիմավորել խաղաղ մթնոլորտում:
Հրատարակության տվյալներով՝ քաղաքի բնակիչները չեն սպասել սիրիական հրամանատարության պաշտոնական հայտարարությանն այն մասին, որ քաղաքն ամբողջովին մաքրված է ելուզակախմբերից, եւ տրվել են նախատոնական տրամադրություններին:
Մարդիկ միմյանց եւ փողոցներում հանդիպող զինվորականներին շնորհավորում են Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի վերամիավորման առթիվ:
Ինչպես նշում է «Ալ Վաթան»-ը, Հալեպի պետական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ Աբդալա ալ Ջաբարիի անվան գլխավոր հրապարակում հուշատախտակ է տեղադրվել զոհված այն բնակիչների եւ զինծառայողների մասին, որոնք քաղաքն ազատագրում էին զինված խմբավորումներից: