YN.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս կմասնակցի՞ 2017թ.-ի Ազգային Ժողովի ընտրություններին: Խոսակցություններն ու քննարկումները այս մասին ավելի են թեժանում և հավանաբար սա արդեն ընդունված որոշում է:
Իննը պետական մեդալ ստացած Գագիկ Բեգլարյանը սեպտեմբեր ամսին պաշտոնանկ եղավ և իր հետ տարավ հսկայական գումար, որը կուտակել էր իր «քաղաքական» գործունեության ընթացքում:
Գագիկ Բեգլարյանը 90-ական թթ. «Էրեբունի» տրիկոտաժի ֆաբրիկայում աշխատել է որպես հաշվապահ, իսկ «Վան» կոշիկի ֆաբրիկայում՝ որպես տնտեսագետ: Այնուհետև՝ 93թ.-ին մուտք է գործել պետական ապարատ, որտեղ կատարել է տարբեր տեսակի աշխատանք և զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Նախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գագիկ Բեգլարյանն արդեն հսկայական կարողութուն ուներ՝ 282,961,964 դրամ, 95,000 դոլար, ինչպես նաև 19 մլն, 30 մլն, 14 մլն և 18 մլն արժողությամբ բաժնետոմսեր «անհայտ» ընկերություններում: Արդյունքում, պաշտոնը լքելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմում են մոտ 600 մլն դրամ: Նրան հաջողվել է գրեթե կրկնապատկել իր ֆինանսական միջոցները:
2015թ.-ին «Հրապարակ» օրաթերթը գրեց, որ Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկա» խանութի երկրորդ հարկում գտնվող «Վերանդա» և հարակից սրճարանները ձեռք է բերել Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Իսկ 2014թ.-ին Գագիկ Բեգլարյանի կինը՝ Նունե Նիկոլյանը մոտ 500 մլն դրամ արժողությամբ առանձնատուն և 28 մլն դրամ արժողությամբ հողատարածք է գնել: Եվ այս ամենը միայն «ազնիվ» աշխատանքի շնորհիվ:
Որպես նախարար նրա գործունեության ընթացքում, լրագրողները Գագիկ Բեգլարյանի հետ բազմակի անգամներ խոսել են Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ժամանակ տեղի ունեցած չարաշահումերից, սակայն նախարարն ամեն անգամ հերքել է այդ տեղեկությունները: Անգամ վերջերս՝ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, երբ նախարարը հայտարարեց, որ «թոռան հետ հանգստանում է», միևնույն ժամանակ ասաց. «ես հայտարարել եմ մի քանի անգամ և վերջերս լսեցի նաև, որ նոր նախարարն էլ հայտարարեց՝ Կառավարության կողմից, նախարարության կողմից նորից հայտարարում եմ՝ երբեք չարաշահումներ Հյուսիս-հարավում չեն եղել»:
Ինչևէ, 2017թ.-ի նախագահական ընտրություններին Բեգլարյան Գագիկը հավանաբար կմասնացի թիվ 4 ընտրատարածքից, որում ընդգրկված են Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն թաղամասերը: Նրա «մրցակիցներն» էլ հավանաբար կլինեն Գարեգին Նուշիկյանը, Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթը, ինչպես նաև Ռուբեն Սադոյանը: Այս երկուսին՝ Բեգլարյանին և Սադոյանին, իրար է կապում այլ սկանդալային պատմություն. Ռուբեն Սադոյանը 2005-ից հիմնել «Յունիգրաֆ-Իքս» ԱՊԸ-ն, որը զբաղվել է թափառող շների ստերիլիզացման գործերով, սակայն կենդանիներին ոչ թե ստերիլիզացրել, այլ պարզապես սատկացրել ու ահռելի գումարներ են ստացել պատվիրատուից: Այս մասին 2012թ.-ին գրում է «Ժողովուրդ» օրարթերթը: Իսկ այդ գործընթացի «քավորն» էլ Գագիկ Բեգլարյանն է եղել, որովհետև առաջին հերթին ՍՊԸ-ն գործունեություն է ծավալել քաղաքապետարանի հետ համագործակցելով: Այստեղ խաղին է միանում նաև Ռուբենի եղբայրը՝ Արա Սադոյանը, ով Կենտրոն վարչական շրջանի թաղապետն է: Պարզ է դառնում, որ եղբայրները ձայներ կհավաքեն և առաջին հերթին կապահովեն Բեգլարյանի տեղը ԱԺ-ում:
Սակայն պետք չէ անտեսել նաև ընդդիմադիր պատգամավորներին: Կենտրոն ընտրատարածքից կարող են առաջադրվել նաև Նիկոլ Փաշինյանն ու Խաչատուր Սուքիասյանը, ովքեր հնարավոր է նաև սրեն լարվածությունը: Մի խոսքով, թիվ 4 ընտրատարածքում թեժ է լինելու: