«Ղարաբայան հարցի լուծման տեր-պետրոսյանական ձևաչափն ինձ համար անընդունելի է: Միշտ էլ կարող էինք լուծել Ղարաբաղի հարցը, բայց՝ ոչ իր մատնանշած տարբերակով: Իսկ այն, որ նախկին նախագահն Ալիևին անվանում է ռացիոնալ մտածողության տեր մարդ, չեմ հասկանում և հարց եմ ուղղում իրեն. Ալիևն այլ տարբերակ ունե՞ր, ի՞նչ պետք է աներ, պետք է իրեն պատռե՞ր»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, արցախյան պատերազմի վետերան Վահան Բադասյանն՝ անդրադառնալով Լևոն-Տեր Պետրոսյանի վերջին հայտարարությանը:

Վահան Բադասյանի պնդմամբ՝ երբ Լևոն-Տեր Պետրոսյանն Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է արցախյան հիմնախնդիրն, անգամ տեղյակ չի եղել մեր բանակի կառուցվածքից. «Երբ Ալիևի հետ քննարկում էր Արցախի հարցերը, նախկին նախագահը տեղյա՞կ էր արդյոք, թե ինչ կառուցվածք ուներ մեր բանակը: Հիմա եկել, իբրև պատմության գիտակ, խոսում է: Ամո՛թ է, շա՛տ ամոթ: Մեր բանակը հիմնադրման օրվանից է ունեցել «ազգ-բանակ» մոդելը, որը դարձել է նաև մեր հիմնական հաջողության կռվանը, քանի որ մշտապես գաղափարն է որոշել պատերազմի ելքը: Այսօր մենք չունենք հենց այդ գաղափարը»:

Ըստ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավորի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը մշտապես եղել է ազատագրված հողերն Ադրբեջանին հանձնելու թեզի կողմնակիցը, ինչն ապացուցեց նաև իր վերջին հայտարարությամբ: «1994 թվականից փոխվել է բանակի նկատմամբ մոտեցումը և կառուցվածքը: Տարիներ առաջ մենք՝ այն ժամանակվա հրամանատարներս, անվերապահ ենթարկվում էինք մեր հրամանատարությանը, բայց կար սահման. 1995 թվականին, երբ Լևոնը մեզ հրամայեց ետ տալ Քյալբաջարը, մենք նրան չենթարկվեցինք. «ազգ-բանակը» հենց դա էր, մենք կատարում էինք ցանկացած հրաման, բացի հայրենիքի նկատմամբ դավաճանությունը: Ինքը քննադատեց Քյալբաջարի ազատագրումը, համաձայն չէր Աղդամի ազատագրմանը, համաձայն չէր Մայր Արաքսից դեպի Իրան սահմանի դուրս գալուն, բայց չէ՞ որ այդ տարածքներն են հետագայում եղել նրա սակարկումների առարկան»:

Անդրադառնալով հարցին՝ ո՞ր տարածքներն էին դարձել սակարկության առարկա և արդյո՞ք 5 տարածքների հանձնումը կդառնար հարցի լուծման միակ ուղի՝ Բադասյանը պատասխանեց. «Մեր իրավացիորեն գրաված տարածքներն էին սակարկության առարկա դարձել, իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանը միայն 5 շրջանն է ուզում, որ բավարարվելու է դրանցով: Ադրբեջանն ամբողջ Երևանն է ուզում»,-շեշտեց նա՝ հավելելով ՝«Քարտեզից կամ մենք պետք է վերանանք, կամ իրենք»:

Մեզ հետ զրույցում Վահան Բադասյանը չհամաձայնեց այն մտքի հետ, թե արցախյան հիմնախնդրի լուծման համար տարածքների հանձնումը պարտադրվում է Ռուսաստանի կամ որևէ այլ գերտերության կողմից. «Եթե Ռուսաստանին կամ այլ գերտերության պետք լիներ, որ այդ տարածքները մենք հանձնեինք Ադրբեջանին, մեր ձեռքից կվերցնեին և կտային: Դա նրանց չի էլ հետաքրքրում: Այն ժամանակ ո՞վ մեզ խանգարեց տարածքներ ազատագրել. ո՛չ ոք, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, ոչ ոք էլ չի խանգարել: