«Քաղաքական դաշտը Հայաստանում անլրջացած է և անլրջացնելու, ապականելու այդ գործընթացը, կարելի է ասել, սկսվել է անկախացման առաջին իսկ օրից՝ տարբեր տեմպերով,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կոնջորյանը:

«Մենք ունենք շատ քաղաքական գործիչներ, մանավանդ ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր քաղաքական դաշտում աշխատանք չեն կատարում, բայց ամբիոններից և մամուլի ակումբներում մտահոգություն են հայտնում, թե ինչու ժողովուրդը չի գալիս նրանց հետևից. տպավորություն է, որ իրենք Մովսեսն են, ժողովուրդն էլ մոլորվել է, և չի գալիս նրանց հետևից, որ իրեն առաջնորդեն դեպի Ավետյաց երկիր կամ պայծառ ապագա: Սա խնդիր է:

Մանավանդ երիտասարդ քաղաքական ուժերի համար պետք է ակնհայտ լինի, որ եթե քաղաքականության ներքևի՝ դաշտային մակարդակում պարտվում ես, աշխատանք չես տանում քաղաքացիների հետ, ուրեմն վերևի մակարդակում անպայման պարտվելու ես, որովհետև սոցիալական հենարան չունեն»,- նշեց Հ. Կոնջորյանը:

Նրա դիտարկմամբ՝ ընտրողի մոտիվացիոն սանդղակում առաջնային տեղում կյանքի պայմանների բարելավումն է թեկուզ կարճաժամկետ, այսինքն՝ առօրեական խնդիրներն ընտրողի համար ավելի մեծ նշանակություն ունեն, քան քաղաքական ուժերի անցյալի հետ կապված խնդիրները: Նրա խոսքով՝ քաղաքականությունը որոշում է ներկան:

«Հայաստանի քաղաքական էլիտան իրենից ներկայացնում է պարազիտ, որն ամբողջությամբ նստած է հանրային և պետական ռեսուրսների մսխման տրամաբանության վրա»,- ընդգծեց Հ. Կոնջորյանը:

Երիտասարդ քաղաքական գործիչը, սակայն, վստահ է՝ «հայ ժողովրդի քաղաքական արգանդը չի չորացել, և առաջիկա տարիներն ՀՀ-ում կստեղծվի այնպիսի քաղաքական միջավար, որ կծնվեն նոր մարդիկ, նոր գաղափարներ, ինչը հնարավորություն կտա առողջացնել ՀՀ քաղաքական համակարգը»:

Հ. Կոնջորյանի կարծիքով՝ ՀՀ-ում բոլոր խնդիրները կապված են քաղաքականության, քաղաքական համակարգի հետ: Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական էլիտայում նստած են մի քանի անհոդաբաշխ արարածներ, որոնք ընդհանրապես ոչինչ չեն հասկանում գիտությունից. «ՀՀ-ում կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնց գլուխը միայն գլխարկ դնելու համար կարող է ծառայել»:

Անդրադառնալով «Քաղաքացիական ակտիվ քայլ» հումորային կուսակցության ստեղծմանը, Հայկ Կոնջորյանը նշեց, որ իր կարծիքով դա քաղաքական սատիրայի դրսևորման փորձ է, որը քաղաքական գործընթացը կդարձնի հետաքրքիր: