Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Ա.-ի գործի դատական քննությունը:

3 անչափահաս երեխաների հայր, 40-ամյա Արթուրը մեղադրվում էր անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 11 –ին, ժամը 16-ի սահմաններում Արթուր Ա.-ն Արագածոտնի մարզի Արուճ գյուղում իր ազգական, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ Արկադիի միջոցով ծանոթացել է վերջինիս համագյուղացիներ Միշայի և Հրաչի հետ: Որոշել են գնալ թռչնի որսի:

Արթուրը, լինելով որսորդմիության անդամ, վերցրել է իր որսորդական ողորկափող երկփողանի «ԻԺ-54» մոդելի հրացանը: Որսի գնացել են Արկադիի «ՎԱԶ- 2107» մեքենայով:

Արթուրը նստել է վարորդի՝ Արկադիի կողքին, Միշան՝ վարորդի հետևի, իսկ Հրաչը՝ Արթուրի հետևի նստատեղին:

Գնացել են Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղին հարող տարածք:

Ժամը 17-ն անց 30-ի սահմաններում գտնվել են Ներքին Բազմաբերդ գյուղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան ճանապարհին: Մեքենայի մեջ Արթուրը հրացանը լիցքավորել է՝ փողը պահած լինելով հետևի նստատեղին նստած Միշայի ուղղությամբ:

Վարորդի կողքի նստատեղին նստած Արթուրը բացել է փամփշտանոցը, լիցքավորել է որսորդական փամփուշտներով, բայց չի ապահովել անվտանգ լիցքավորում: Փամփշտանոցը փակելու ընթացքում տեղի է ունեցել կրակոց՝ Միշայի ուղղությամբ: Մանրագնդակները դիպել են Միշա Հ.-ի աջ ականջի ստորին հատվածին:

Ստացած վնասվածքից Միշա Հ.-ն տեղում մահացել է:

Անզգույշ սպանության համար առաջադրված մեղադրանքում Արթուր Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ 2015 թվականի մարտի 11-ի կեսօրից հետո գտնվել է Արուճ գյուղի իրենց այգում: Այդ ժամանակ զանգել է իր բարեկամ Արկադին ու առաջարկել է գնալ որսի: Ինքը համաձայնել է:

Արկադին եկել է երկու անծանոթ տղաների հետ: Ինքը ծանոթացել է նրանց հետ՝ Միշան ու Հրաչն էին: Նրանք իրենց հետ որսորդական փամփուշտներ էին բերել:

Արկադիի վարած մեքենայով գնացել են Ներքին Բազմաբերդ գյուղի շրջակայք՝ արտույտի որս կատարելու: Ինքը վերցրել է իր որսորդական օրինական հրացանը: Իրենց մոտ ուրիշ հրացան չի եղել:

Որսի ընթացքում մեքենան վարել է Արկադին, ինքը նստած է եղել նրա կողքին: Միշան Արկադիի հետևի նստատեղին էր, Հրաչը՝ իր:

Թռչունները որսացել է ինքը՝ մեքենայում նստած վիճակում՝ մեքենայի լուսամուտից դեպի դուրս կրակելով:

Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում ինքը լիցքավորել է հրացանի փամփշտանոցը: Հրացանը դրել է իր առջև: Փողը ուղղված էր դեպի հետ, իսկ խզակոթը գտնվում էր իր ոտքերի արանքում:

Աջ ձեռքով հրացանի փամփուշտը փոխելուց հետո նույն ձեռքով սեղմել է հրացանի փողի վերջնամասին՝ կրակող մեխանիզմի հատվածի վրա՝ հրացանը փակելու համար:

Նույն պահին մեքենան շարժվել է: Ինքը փոքր-ինչ հետ է գնացել, հրացանը փակվել է, նույն պահին տեղի է ունեցել կրակոց: Իր մատը ձգանին չի դիպել, ինքը ձգանը չի սեղմել:

Հետ է նայել ու տեսել է, որ կրակոցը դիպել է Միշայի դեմքի աջ հատվածին: Փորձել է նրան օգնություն ցույց տալ, բայց մի քանի րոպե անց Միշան մահացել է…
Երեքով իջել են մեքենայից: Տեղի ունեցածից խուճապահար՝ վազվզել են աննպատակ: Հետո նստել են մեքենա, Արկադին վարորդի տեղում, ինքն ու Հրաչը՝ առջևի նստատեղին: Հրացանը դրել է հետևի նստատեղին:

Ճանապարհին կանգ չեն առել: Հասել են Աշտարակ, ինքը գնացել է ոստիկանություն, իսկ Արկադին Միշայի մարմինը մեքենայով տարել է Էջմիածնի հիվանդանոց:

Արթուր Ա.-ն հայտնել է, որ որսորդմիության անդամ է, ունի ողորկափող որսորդական հրացան կրելու իրավունք: Մինչև դեպքի օրը տուժող Միշային չի ճանաչել, նրա հետ որևէ խնդիր չի ունեցել: Որսի ընթացքում իրենց միջև քաշքշոց կամ վեճ չի եղել: Հրազենը եղել է սարքին:

Արթուրը զղջացել է կատարածի համար, ընդունել է տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջն ամբողջությամբ: Դատական քննության ընթացքում նա տուժող կողմին պատճառած վնասից հատուցել է 2 միլիոն 600 հազար դրամ, դատավճռով որոշվել է, որ պիտի հատուցի ևս 600 հազար դրամ:

Մեքենայի բեռնախցում հայտնաբերվել է 24 սպանված արտույտ, որոնցից 22-ը եղել են ամբողջական, 2 –ը՝ փետրահան արված, 1-ի էլ գլուխն է եղել պոկված…

Դատարանը հաշվի է առել, որ Արթուրի խնամքին են 3, 11, 13 տարեկան անչափահաս երեխաները, նա բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն է, մասնակցել է ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին, պարգևատրվել է պատվոգրով, հատուցել է տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջի հիմնական մասը, պարտավորվել է մնացած մասն էլ հատուցել:

Արթուր Ա.-ն մեղավոր է ճանաչվել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 26 օրը:

Վերջնական պատիժ է նշանակվել 11 ամիս 4 օր ազատազրկումը: Պատժի սկիզբը կհաշվվի Արթուր Ա.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից: