Ազգությամբ լազ հայտնի թուրքաբնակ ուսումնասիրողներից Իրֆան Չաղաթայ Ալեքսիշին ուշագրավ հոդված է հրապարակել, որով փշրում է բազմաթիվ թուրք պատմաբանների թեզերը, որոնք փորձում են ապացուցել, թե համշենցիները ծագել են թյուրք-օղուզական ցեղերից:

Խոսելով համշենցիների մասին, Ալեքսիշին նշում է, որ Ֆըրթընա, Փազար և Սենոզ գետերի ավազանում ապրող այս ժողովուրդը դեպի Սև ծով բացվող կետերում շփվել է քարթվելական ծագում ունեցող լազերի հետ և հավելում, որ լազերը համշենցիներին իրենց լեզվով անվանում են սումեխի, իսկ նրանց բնակության տարածքը, այսիքն` Համշենը` Սումեխիթի:

lazoba.blogspot.am կայքում հրապարակած իր հոդվածում հեղինակը ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ լազերի ազգակից վրացիները հայերին սոմեխի, իսկ Հայաստանը Սոմխեթի են անվանում:

Լազ ուսումնասիրողը որպես թուրքական սխալ քարոզչության օրինակ է բերում թուրք պատմաբաններից Մուզաֆֆեր Արըջըի մեկնաբանությունը համշենցիների մասին, որով վերջինս փորձում է հավատացնել, թե համշենցիները ոչ թե հայ, այլ թուրք են:

Արըջըի պնդմամբ` սումեխի նշանակում է «երեք քամի»,որն էլ պատմաբանը կապում է օղուզ թյուրքերի նշանավոր խորհրդանշան համարվող «երեք նետին» և նշում, որ լազերն այդպես են անվանել տվյալ տարածքում թուրքերեն խոսող թուրքերին:

«Անշուշտ պարոն Մուզզաֆեր Արըջըի ներկայացրածի պես չէ. լազերը միայն համշենցիներին են սումեխի կոչում», - գրում է Ալեքսիշին և հավելում. «Մեր շուրջը մի փոքր ուսումնասիրություն կատարելու պարագայում կարող ենք ստանալ Մուզաֆֆեր Արըջըի պնդումների միանգամայն հակառակ պատկերը: Կովկասյան տարածքում «հայ» անվանը համընկնում է լազերենում կիրառվող «սումեխի» բառը:

Նշենք, որ համշենցիների առաջին բնակավայրերը ստեղծվել են 8-րդ դարում: Հայ պատմիչներից Ղևոնդը նշում է, որ Արևելյան Հայաստանում արաբական նվաճողների ճնշումներից ազատվելու համար 10-12 հազար հայ, Շապուհ և նրա որդի Համամ Ամատունի իշխանների գլխավորությամբ, արտագաղթում են Բյուզանդիա:

Ի դեպ` պատմական Համշենը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում: Համամ Ամատունի իշխանի հիմնած Համամաշեն քաղաքը քարտեզի վրա կարելի է գտնել Հեմշին թուրքերեն անվամբ, դրանից մի փոքր արևելք գտնվում է թրքախոս համշենցիների ևս մեկ բնակավայր` Չամշըհեշինը (թարգմանվում է որպես եղևնոտ Համշեն: «Չամ» Համշենի բարբառով նշանակում է եղևնի): Իսկ կրոնական և ազգային հալածանքների արդյունքում բուն Համշենից դեպի Խոպա, Օրդու, Գիրեսուն և Սամսուն արտագաղթած համշենցիների բազմաթիվ գերդաստաններ հայերենը պահպանեցին ընդհուպ մինչև 20-րդ դարի 80-ականների վերջ: Խոպայի մի շարք գյուղերում համշենցիները սահուն կերպով հայերեն են խոսում մինչ օրս: