Վերին Լարսի անցակետը, որը Հայաստանին Ռուսաստանի և այլ երկրների հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, շարունակում է մնալ խնդրահարույց, իսկ խնդրի լուծման տարբերակներն էլ նշմարելի չեն: Դեպի Հայաստան և Հայաստանից դուրս բեռնափոխադրողների ճակատագիրը շարունակում է կախված մնալ բնության բարեհաճությունից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում բեռանոփոխադրողների համար՝ ներքին շուկայում դառնալով գների աճի պատճառ: Այդ մասին մեզ հետ զրույցում փաստեց նաև տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը. «Վերին Լարսի անցակետում բեռնափոխադրող մեքենաների արգելափակման հետևանքով ներքին շուկայում նկատվում է գների աճ՝ ընդհուպ մինչև 20 տոկոս»:

Սակայն, պարզվում է, եղանակային անբարենպաստ իրավիճակին ավելանում է նաև վրաց-հայկական սահմանին գտնվող մաքսատան աշխատակիցների կամայական վերաբերմունքը՝ կրկնապատկելով հարցի լրջությունը: ԼՈւՐԵՐ.com-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին հայտնում է, որ դեպի Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների համար ոչ միայն խնդիր է ձյունն ու բուքը, այլ նաև մաքսատան աշխատակիցների կողմից ցուցաբերվող կամայական վերաբերմունքը: «Վրաց-հայկական սահմանին բեռների բացթողնման գործընթացում կամայականություններ կան: Եթե, օրինակ, դու ներկրում ես բանան, կարող ես շատ արագ անցնել այդ գործընթացի միջով և մտնել Հայաստան, իսկ, եթե ներկրում ես այլ ապրանք, կարող ես մեկ օր էլ ավել հերթ կանգնել»:

Արդյոք մաքսային աշխատակիցների կողմից մաքսային ընթացակարգերի ընթացքում առկա են կամայականություններ, ինչի մասին մեզ ահազանգել է քաղաքացին, փորձեցինք ճշտել ՊԵԿ լրատվական բաժնից, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ մի տեղ կարող է բենզինն առաջինն անցնել, մի այլ տեղ՝ բանանը, կամ այլ բեռներ, և որևէ խնդիր, այս առումով՝ չկա: