Սոչիում շարունակվում է լայնամասշտաբ որոնողական գործողությունը, որի շրջանակում հայտնաբերվել են Տու-154 օդանավի կործանման հետևանքով զոհվածներից 12-ի դին, ինչպես նաև ինքնաթիռի բեկորները:

Ինչպես հայտնում է ntv.ru-ն, Սոչի են ժամանել զոհերի հարազատները, որոնց հետ աշխատում են հոգեբանները: Նշվում է, որ նրանց վիճակն այժմ ծանր է, ուստի՝ մասնագետները փորձում են հնարավորինս օգնել:

Աղբյուրը մանրամասնում է, որ Սոչի ժամանած հարազատների թվում է նաև НТВ հեռուստաալիքի զոհված լրագրող Եվգենի Տոլստովի մայրը, որը պատմել է, թե ինչպես է իմացել որդու մահվան մասին:

«Առավոտյան ուզում էի սուրճ խմել, միացրի հեռուստացույցն ու ցնցվեցի, երբ էկրանին տեսա նրա (որդու-Tert.am) լուսանկարը, որից կա նաև իմ սմարթֆոնում: Հեռուստացույցի ձայնը բարձրացրի ու իմացա, որ ինքնաթիռ է կործանվել: Անմիջապես վատացա, քանի որ հասկացա, որ եթե դա հայտնում են հեռուստատեսությամբ, ուրեմն ոչ մի պատահականություն չի կարող լինել. Ժենկան այլևս ողջ չէր: Այդ պահին հողը, կարծես, գնաց ոտքերիս տակից»,- սարսափելի վայրկյանները վերհիշել է որդեկորույս մայրը:

Աղբյուրը հավելում է, որ անհրաժեշտության դեպքում, հարազատներին հատուկ ինքնաթիռով կուղարկեն Մոսկվա:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Սև ծովում Տու-154 ռազմական օդանավի կործանման առնչությամբ ուսումնասիրում է 4 հիմնական վարկած: Նշվում է, որ օդանավում ահաբեկչության կամ դիվերսիայի իրագործման հավանականությունը փաստող ապացույցներ առայժմ չեն հայտնաբերվել:

«Աշխատանքային հիմնական վարկածներ են շարունակում մնալ շարժիչի մեջ այլ օբյեկտի ընկնելը, անորակ վառելիքը, օդաչուների թույլ տված սխալը, օդանավի տեխնիկական անսարքությունը»,- մանրամասնել է ԱԴԾ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար: