ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ՀԱԿ համագումարում հնչեցրած իր ելույթի, մասնավորապես՝ Ղարաբաղյան կարգավորման թեմայով իր հայտնի տեսակետի վերաբերյալ պարզաբանմամբ՝ այդպիսով անդրադառնալով իր ելույթին հաջորդած քննադատական, հաճախ կոշտ քննադատական և մեղադրական արձագանքներին և նույնիսկ պիտակավորումներին:

Տեր-Պետրոսյանի արձագանքը ինքնին ուշագրավ է, քանի որ նրա ելույթները տարբեր արձագանքների, այդ թվում՝ կոշտ քննադատության և անգամ պիտակավորումների են արժանացել միշտ, սակայն կարծես թե դրանց չի հետևել Տեր-Պետրոսյանի պարզաբանումը: Ավելին՝ այդ իմաստով առաջին նախագահը միշտ աչքի է ընկել մի յուրահատուկ, բնորոշ գծով, երբ կարողացել է զգալիորեն վեր կանգնել այդօրինակ արձագանքների հետ կապված մտավախությունից և արտահայտել է ոչ պոպուլյար տեսակետներ կամ դիրքորոշումներ:

Եվ այս հանգամանքը էլ ավելի ուշագրավ է դարձնում այն, որ այս անգամ Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս պարզաբանմամբ: Չի բացառվում, որ այդ պարզաբանման համար ելույթին հաջորդած արձագանքները, մեղադրանքները և պիտակները լոկ առիթ են Տեր-Պետրոսյանի համար, իսկ պարզաբանման բուն պատճառը օրերս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն էր՝ ֆեյսբուքյան գրառման տեսքով, որում Օհանյանը կարծես թե պատասխանել կամ արձագանքել էր հենց Տեր-Պետրոսյանի ելույթին՝ բավական ծավալուն կերպով շարադրելով Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր մոտեցումներն ու պատկերացումները և մի քանի ձևակերպմամբ գործնականում հենց ուղիղ կերպով պատասխանել Լևոն Տեր-Պետրոսյանին, թեև Տեր-Պետրոսյանի ելույթը անկասկած հասցեագրված չէր Սեյրան Օհանյանին:

Օհանյանը, սակայն, հավակնում է եթե ոչ՝ ապագայի քաղաքական գործընթացում ընդհանրապես, ապա առնվազն նախընտրական շրջանում զբաղեցնել հիմնական դիրքերից մեկը, և այս իմաստով հասկանալի է, որ նա պետք է արձագանքեր Տեր-Պետրոսյանին Սերժ Սարգսյանից էլ առաջ՝ հատկապես նկատի ունենալով, որ Օհանյանի քաղաքական գործունեության առանցքում «պարտադրված» կերպով պետք է լիներ հենց Ղարաբաղյան խնդիրը:

Եվ այս առումով բոլոր նրանք, որոնք շեշտադրված մոտեցումներ են արտահայտում այդ մասով, ինքնաբերաբար հանդիսանում են Օհանյանի քաղաքական մրցակիցը: Տրամաբանական է նաև Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ հաշվի առնելով այն, որ ՀԱԿ առաջնորդը ևս ներկայացրել է Ղարաբաղի խնդիրը և դրա շուրջ մոտեցումները՝ նախընտրական շրջանում որպես ելակետ մատուցելու հայտ:

Այս տեսանկյունից Սեյրան Օհանյանի հայտարարությանը հաջորդած Տեր-Պետրոսյանի պարզաբանման տողատակում երևի թե այն է, որ Տեր-Պետրոսյանը Օհանյանին չի դիտարկում մրցակից կամ դիտարկում է Սերժ Սարգսյանի հետ միևնույն փաթեթում: Համենայնդեպս, այդ առումով ուշագրավ է Տեր-Պետրոսյանի արտահայտած հետևյալ միտքը. «Հետևաբար ստացվում է, որ փոխզիջումը և տարածքների հանձնումը պարտվողականություն ու դավաճանություն համարողները բանավիճում են ոչ թե մեզ, այլ իրենք իրենց հետ և դատափետում են ոչ թե մեր տեսակետն ու հայեցակարգը, այլ իրենց իսկ ծրագիրը»:

Առաջին նախագահը փաստացի ակնարկում է, որ չունի բանավեճ Սեյրան Օհանյանի հետ, իսկ Օհանյանն էլ բանավիճում է այն ծրագրի հետ, որի ուղեծրում է եղել Սերժ Սարգսյանի հետ միևնույն թիմում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելիս: