YN.am- ը գրում է.

2008թ.-ից մինչ այսօր ԵՊՀ Շրջանավարտների միավորման կողմից իրականացվում է բնակարանաշինական ծրագիր, որը նախատեսում է համալսարանականներին հնարավորություն տալ էլիտար շենքերի առաջադրած պայմաններին բավարարող և շուկայական գներից էժան բնակարաններ ձեռք բերել: Նախագծի շրջանակներում արդեն իրականացվել է 8 ծրագիր, որոնցից 2-ը Զեյթուն վարչական շրջանում, իսկ մնացածը՝ Ավան: Ծրագրով նախատեսվում է վճարման երկու տարբերակ՝ կանխիկ և հիփոթեքային վարկավորման եղանակով: Այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը. Ավան 5 ծրագրի նկարագրության մեջ, հավանաբար շփոթմունքի հետևանքով գրված է, որ ծրագրի վարկավորումն իրականացվելու է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի միջոցով: Հայտնի է, որ տվյալ բանկի խորհրդի նախագահն է Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշի Բարսեղ), սակայն Բարսեղ Բեգլարյանը, համատեղության կարգով նաև ԵՊՀ Շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Ընդհանուր առմամբ ցանկացած կառույցի հոգեբարձուների խորհուրդը հանդիսանում է վերահսկող մարմին, որը հսկողություն է իրականացնում կառույցի գործունեության նկատմամբ՝ պաշտպանելով մասնակիցների (այս դեպքում՝ գնորդների) շահերը: Խորհրդի անդամներն իրենց ֆունկցիաներն իրականացնում են անհատույց: Որոշ դեպքերում, խորհրդի ֆունկցիաներն անգամ ավելին են քան վերահսկողականը:
Կամայական ֆոնդի կամ միավորման (կամ կազմակերպաիրավական այլ տեսակ) հոգաբարձուների խորհուրդն ամբողջությամբ, ինչպես նաև դրա անդամները միանշանակ համարվում են շահագրգիռ կողմ: Հոգաբարձուների խորհրդի վերահսկողական և պաշտպանական գործունեության ընթացքում ամենամեծ վտանգը, որից անհրաժեշտ է խուսափել շահերի բախումն է: Սա մի իրավիճակ է, որտեղ մարդու անձնական շահագրգռվածությունը կարող է ազդել որոշման կայացման գործընթացի վրա, այդպիսով վնաս հասցնել կազմակերպության ընդհանուր շահերին, այդ թվում նաև մասնակիցներին: Իրականում, սա բավական լուրջ խնդիր է, որը կարգավորման անհրաժեշտություն ունի թե՛ մասնավոր, թե՛ պետական սեկտորներում: Շահագրգիռ կողմը պարտավոր է պաշտպանել կազմակերպության շահերը առաջին հերթին դրա նպատակներից ելնելով և չպետք է թույլ տա օգտագործել կազմակերպության ռեսուրսները այլ նպատակներով, բացի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

Շահագրգռված անձանց միջև չեն կարող կնքվել գործարքներ, եթե անձը գտնվում է երկու կողմերի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ, կամ հանդիսանում են մասնակիցներ, ինչպես նաև հանդիսանում են կազմակերպության կամ մասնակիցների վարկատու մարմին:

Ինչպե՞ս է լուծվում շահերի բախման կոնֆլիկտը
• Շահագրգիռ կողմը կարող է հրաժարվել կոմեիցիոն շահ հետապնդող գործարքից:
• Շահագրգիռ կողմը պարտավոր է հայտնել Հոգաբարձուների խորհրդին իր անձնական հետաքրքրվածության մասին նախքան տվյալ գործարքի կնքումը:
• Գործարքը պետք է հավանության արժանանա Հոգաբարձուների խորհրդի կողմից:
Տվյալ դեպքում, Բարսեղ Բեգլարյանը և՛ Հոգաբարձուների խորհրդի անդամ է, և՛ բնակարանի գնորդներին վարկ տրամադրող հաստատություն: Այստեղ ակնհայտ առկա է շահերի բախում: Արդյունքում Ֆլեշի Բարսեղը ունի կոմերցիոն շահ, ինչպես նաև պարտավորված է պաշտպանել գնորդների շահերը: Հնարավոր է նաև, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի միջոցով վարկավորում իրականացնելու որոշումը կայացվել է հենց այս հանգամանքից ելնելով: Հնարավոր է բնակարանների գնորդները կարողանային օգտվել առավել շահեկան պայմաններից, եթե ծառայությունը մատուցեր այլ բանկ:
ԵՊՀ Շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներն են՝ Արսեն Քարամյանը, ով «ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահն է, Ռադիկ Մարտիրոսյանը, ով ՀՀ ԳԱԱ նախագահն է, հրապարակախոս Երվանդ Ազատյանը, էդուարդ Սարգսյանը, ով «ԵՊՀ շրջանավարտների միավորման» Կալիֆորնիայի մասնաճյուղի տնօրենն է, բոլորիս հայտնի Հրանուշ Հակոբյանը և ի վերջո Բարսեղ Բեգլարյանը:

Ամենայն հավանականությամբ Հոգաբարձուների խորհուրդը թույլատրել է նման ակնհայտ շահերի բախմամբ գործարքի իրականացումը, ինչը զարմանալի չէ հայաստանյան իրականության մեջ: Եվ հետո, Հրանուշ Հակոբյանից և Ռադիկ Մարտիրոսյանից ավելին սպասել էլ պետք չէ...

Նշենք նաև, որ նույն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ը գնալով ընդլայնվում է: Դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ բանկը կուլ տվեց նաև «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն: Միանալու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կգործի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, որը կհանդիսանա «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի իրավահաջորդը: