«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

– Տիկին Թուխիկյան, ամփոփում ենք 2016-ը: Ինչո՞վ առանձնացավ այս տարին նախորդներից: Ի՞նչ ձեռքբերումներ և ձախողումներ արձանագրեցիք:

– Եթե նկատի ունեք մեր ընդհանրական կյանքը և հայրենիքը, ապա 2016-ը նախորդներից առանձնացավ առավել խորացող բարոյական, տնտեսական, քաղաքական ճգնաժամով, ինչը ավելի անապահով իրավիճակ ստեղծեց մեր պետականության և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար:

Ինչ-որ մեկը 2016-ին հայտարարեց «քոսոտ» պետություն լինելու մասին և պարգևատրվեց դրա համար:

Արձանագրեցինք դատական համակարգի կամ արդարադատության վերջնական մահը:

Ձեռքբերումներից կառանձնացնեի մի քանիսը՝ Հռոմի պապի այցը, որը ջախջախիչ կերպով մերկացրեց իրենք իրենց Հայաստանի աշխարհիկ և հոգևոր վերնախավ համարողներին և մարդասիրության մեծ չափաբաժին բաշխեց մեզ, ինչին մենք տևական ժամանակ կարոտ էինք:

Հաջորդ ձեռքբերումը այս համատեքստում ՀԱՑ ԲԵՐՈՂ ՄԱՐԴՈՒ ի հայտ գալն էր:

Այս մարդն էլ ջախջախիչ կերպով մերկացրեց բոլոր հաց պղծողներին (եթե չեմ սխալվում՝ այս արտահայտությունը Նժդեհինն է):

Եվ մշակութային ձեռքբերումը տենոր Տիգրան Օհանյանն էր:

– Դուք համակրում եք «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ մասնակցություն պետք է ունենա «Հոգևոր Հայաստանը» նախընտրական շրջանում՝ հաշվի առնելով այն, որ, օրինակ, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամները խոստանում են անձամբ ներկա լինել և վերահսկել գործընթացը:

– Ես համակրում եմ բոլոր նախաձեռնությունները, որոնք նպատակային են, գիտակցված են, պինդ և ակտիվ են: Կարծում եմ՝ «Հոգևոր Հայաստանի» առաքելության նպատակը մեր կյանքի բարոյական և հոգևոր վերարժևորումն է:

– Կարծո՞ւմ եք՝ մեր գլխավոր խնդիրը կեղծված ընտրություննե՞րն են:

– Ընտրությունները չեն կարող կեղծվել, եթե սեփական կյանքի նկատմամբ այսքան անտարբեր և տխմարության աստիճանի հնազանդ քաղաքացիներից բաղկացած չլինի մեր հասարակությունը:

– Տիկին Թուխիկյան, տարին ամփոփում ենք կառավարության 100 օրը լրացած: Արդյոք փոփոխություններ նշմարվո՞ւմ են: Ինչպե՞ս եք գնահատում:

– Նոր վարչապետը, անշուշտ, տարբերվում է նախորդներից: Նա համոզիչ է խոսում, տրամաբանված: Մամուլը երբեմն քննադատում է՝ գրելով, թե նա դասախոսություն է կարդում: Ես համամիտ չեմ, մենք իսկապես կառավարման հմտությունների առումով շատ հետամնաց ենք: Հաստատությունների, մարզերի, այլ կառույցների արդյունավետ գործունեությունը ապահովելու համար մեզ նոր մտածողությամբ երիտասարդ կադրեր են անհրաժեշտ: Ղեկավարման սովետական փտած մոդելը անախրոնիզմ է: Կարծում եմ՝ վարչապետը տարրական հմտություններ է ակնկալում: Բայց քանի որ ղեկավարման սովետական մոդելը նաև քաղաքական դաշտում է, ուրեմն ոչինչ չի փոխվի: Բացի այդ, քանի դեռ որևէ նախադրյալ չկա, որ պետական հարստության գողերը կհայտնվեն ճաղերի ետևում, ուրեմն ոչինչ չի փոխվի: Ատոմակայանի բարձրաստիճան ղեկավարների 700 և ավելի միլիոնների գողությունը նրանց ներվեց: Գուցե, որովհետև սա պրիմիտիվ գողություն չէր, այլ էլիտար:

– Հայաստանի քաղաքական դաշտում դաշինքներ են ձևավորվում: Կարո՞ղ են արդյոք դրանք լինել իրական այլընտրանք իշխանությանը:

– Դաշինքները լինում են իրական և կեղծ: Համենայնդեպս, չմոռանանք Գյումրիի և Վանաձորի նախադեպերը առանց դաշինքի:

– Ի վերջո, հուլիսյան իրադարձություններից հետո արդյոք արվե՞լ են համարժեք քայլեր:

– Ոչ, և հակակրանքները առավել սրված են:

– Այս առումով ի՞նչ է մշուշվում 2017-ին:

– Դժվար տարի, բայց հուսամ՝ բեկումնային: